Վրաստանի արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ կողմից Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամի կոռուպցիայի համար մեղադրելուն և նրանց նկատմամբ վիզային պատժամիջոցների սահմանմանը:
ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նշել է, որ պատժամիջոցները կվնասեն երկու երկրների բարեկամական հարաբերությունները, եթե ամերիկյան կողմը կոռուպցիայի վերաբերյալ ապացույցներ չներկայացնի:
«Միանգամայն անհասկանալի և անընդունելի է ԱՄՆ պետքարտուղարության որոշումը դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ, որը հրապարակվել է առանց որևէ ապացույց ներկայացնելու: Հուսով ենք, որ պետքարտուղարությունը կներկայացնի համապատասխան ապացույցներ կամ կվերանայի իր որոշումը: Հակառակ դեպքում վրացական պետության և ժողովրդի կողմից դա կընկալվի որպես ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա և կոպիտ միջամտություն նրա գործունեությանը, ինչը կվնասի Վրաստանի և ԱՄՆ-ի բազմամյա բարեկամական հարաբերություններին»,- ասված է նամակում:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ևս նշել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են: «Ոչ մի ապացույց չկա: Հանցագործություն է կատարվել և մեզնից թաքցնո՞ւմ են։ Կամ ինչո՞ւ են թաքցնում։ Դա լուրջ չէ»,- հայտարարել է Կոբախիձեն։