ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 14 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
Այս տարվա 1-ին առաջին եռամսյակում պետբյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով։ Վարչապետի խոսքով, 2022-ի նույն ժամանակի համեմատ, հարկային եկամուտներն աճել է 15,2 տոկոսով կամ մոտ 60 միլիարդ դրամով։ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ֆիզիկական անձանց վերադարձվել է 13,4 մլրդ դրամ եկամտային հարկ՝ 49 տոկոսով ավելի 2022-ի ցուցանիշից: Գումարը վերադարձվում է հիմնականում հիփոթեքի վճարման համար: Հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - 2018-ի դրությամբ Հայաստանում մոտ 60 մլրդի գումար կար, որը տասնյակ տարիներով չէր վճարվել, անհատների փողն էր, բայց էդ գերավճարները պետությունը վերցրել էր ու չէր տալիս: Մենք այդ գումարը վերադարձրինք:
Իրավապահ համակարգը բացահայտել է հարկերից խուսափելու տեխնոլոգիական նոր սխեմա՝ արձանագրեց վարչապետն ու շեշտեց՝ հարկերից խուսափելիս որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չպետք է ունենա: Կարևորեց նաև ապօրինի գույքի բռնագանձման՝ թափ առնող գործընթացը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս ուղղությամբ գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է, հույս ունեմ, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի: Սա շատ կարևոր գործընթաց եմ համարում: Ապօրինի գույքի թեման, հարկերից խուսափելու թեման հստակ արձանագրենք՝ ինչի մասին է. դա մեր երեխաների չստացած կրթությունն է, անվտանգային չապահովված իրավիճակն է, երկրի բարեկեցության մակարդակն է: Կառավարության, քաղաքական մեծամասնության կամքն է, որ այս ամենը երբեք ու երբեք չի վերաբերում միայն նախկին դեպքերին, տարբերություն չկա՝ երեկ էր թե այսօր, մեր խնդիրն է ապահովել, որ վաղը դա տեղի չունենա:
Հարկային գերակատարված եկամուտների շնորհիվ է նաև, որ Հայաստանում իրականացվում է դպրոցաշինական խոշոր ծրագիր: Ավելի քան 440 միլիոն դրամ հատկացվեց Սյունիքում 40 կրթահամալիրի ստեղծման համար, 7-ը կկառուցվի Կապանում, 33-ը՝ մարզի մյուս խոշորացված համայնքներում: Հայաստանում ընդհանուր կառուցվելու է 150 նման կրթահամալիր:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Կիրականացվեն թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, թե՛ ոչ ֆորմալ կրթության ծրագրեր երեխաների և մեծահասակների համար: Հագեցած կլինեն լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, մարզադահլիճ, հանդիսությունների սրահ՝ կրթահամալիրը վերածելով համայնքային կենտրոնի:
Վարչապետը հիշեցրեց՝ խոսքը ոչ միայն կրթական կենտրոնների ստեղծման, այլև ճանապարհների բարեկարգման, երեխաներին տեղափոխող տրանսպորտային միջոցների ապահովման մասին է:
Նիկոլ Փաշինյան - Մեր հիմնական լարվածությունը կապված է արդեն մասնավոր հատվածի ծրագրի իրականացման կարողությունների հետ, պարոն Խաչատրյան, պետք է կողմնորոշվենք՝ ինչ լոտերով ենք մրցույթի դնելու կառուցումը, որպեսզի 2 խնդիր կա՝ բավարար չափով գրավիչ լինի խոշոր ընկերությունների համար, մյուս կողմից՝ էնքան խոշոր չլինի, որ մեկը վերցնի, և մենք կախվածության մեջ ընկնենք:
Նախագծի քննարկման ժամանակ վարչապետը հանձնարարեց պետական կառույցներին՝ դադարեցնել տարբեր բարեգործություններ ընդունելու պրակտիկան։ Շեշտեց՝ պետությունն ի վիճակի է և՛ աթոռ, և՛ հեռուստացույց գնել:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բարեգործական ծրագրերը պետք է տեղավորվեն Կառավարության ռազմավարությունների շրջանակում:
Նիկոլ Փաշինյան - Թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել, որովհետև հատուկ բարեգործական աթոռներ կան, որ նկարում են, հենց ռեպորտաժը վերջանում է, կոտրվում է աթոռը։ Այդ հանձնարարականից դուրս եկողները խիստ կպատժվեն։ Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է։
Հարցի քննարկմանը վարչապետը նաև նշեց, որ գյուղերում բնակվելը խթանելու համար կարևոր են ոչ միայն կառուցվող դպրոցները, այլև առողջապահական ծառայություները: Պետք է վերակառուցել կամ կառուցել ամբուլատորիաները: Վարչապետն ամփոփեց Արագածոտնի մարզ այցը:
Նիկոլ Փաշինյան - Լուսակն գյուղում էս ծավալի կապիտալ ներդրում չի արվել, Գառնահովիտում անկախությունից հետո այս ծավալի կապիտալ ներդրում չի արվել, նույնը վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ մոդուլային դպրոցները կառուցում են: Գյուղեր կան, որտեղ այնպիսի տեսարաններ ու գեղատեսիլ վայրեր կան, որ զարմանում ես, որ այսքան փոքր է Հայաստանը, բայց մենք այն չենք բացահայտել։ Մեր երկիրը դրախտավայր է, ուղղակի մենք պետք է պատշաճ և համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք դրա նկատմամբ:
ՊԵԿ նախագահն անդրադարձավ անկանխիկի կանոնակարգումներին և կանխիկի սահմանափակումների շրջանակում միջոցառումներին: Հիշեցրեց՝ օրենքի ընդունումից հետո մոտ 41 հազար սուբյեկտի ՀԴՄ սարքերի POS տերմինալները ակտիվացված չէին: Հիմա գրեթե բոլորն ակտիվացված են:
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Կանխիկի սահմանափակումները ոչ միայն ՀԴՄ-ների միջոցով կատարվող գործարքների նկատմամբ են կիրառվում, այլ նաև խոշոր գործարքների: Վերջին շրջանում ՊԵԿ-ը այդպիսի հսկիչ գնումներ էլ է անում՝ սկսած բնակարաններից, նաև այլ ծրագրեր ունենք: Հորդորում եմ՝ խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները, հակառակ դեպքում, հիշեցրեց, օրենսդրության բավականին խիստ միջոցներ են նախատեսված:
Նիկոլ Փաշինյան - Մենք տեսնում ենք միտումներ, երբ բնակարանների առքուվաճառք է տեղի ունենում՝ կանխիկի սահմանափակումները շրջանցելով: Նրանք այդպիսով իրենց սեփականությունը ռիսկի տակ են դնում: Վաղը կարող են այդ գործարքները ինչ-ինչ հանգամանքներում առոչինչ ճանաչվել: Հսկայական ծավալի անշարժ գույքի գործարքներ են լինում, հորդորում եմ՝ իրենց սեփականությունը կասկածի տակ չդնել, որը կարող է հետո վիճարկվել:
Հավանություն տրվեց Բյուջետային համակարգի մասին և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների նախագծին: Առաջարկվում է՝ պետական սեփականության հողերի վաճառքից ստացված գումարի 30 տոկոսն ուղղել համայնքային բյուջե: Վարչապետն արձանագրեց՝ շարունակում են ուժեղացնել տեղական ինքնակառավարման ինստիտուտը՝ նաև քաղաքականապես:
Նիկոլ Փաշինյան - Մարտի 26-ին տեղի են ունեցղել երկու համայնքում ընտրություն: Չնայած պայքարը եղել է լարված, արդյունքով վերահաշվարկի դիմում չի ստացվել: Սա նշանակում է, որ ընտրական պրոցեսն այնքան թափանցիկ և օրինակ է եղել, որ վիճարկելու հիմք չի ունեցել: Կուզեմ՝ բոլոր այս փոփոխությունները այս համատեքստում նայենք: ՏԻՄ ուժեղացում՝ նշանակում է քաղաքացու ուժեղացում:
Կներդրվի կամավոր աշխատանքի ինստիտուտը. նախագիծը Կառավարությունը հաստատեց:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Ներկայացվող նախագծի փաթեթի ընդունմամբ մենք կկարողանանք սահմանել կամավորությունը անօրինական աշխատանքից պետական կառույցներում:
Նիկոլ Փաշինյան - Մեզ հաճախ դիմում են նորավարտները, ասում են՝ փորձառությունը որտեղի՞ց ունենանք, տեղը ցույց ենք տալիս: Հնարավոր է՝ կամավոր աշխատանքը կհամարվի փորձառություն: Կուզեի ընդգծել մշակութային, քաղաքակրթական նշանակությունը. կարևոր է հանրային փոխօգնության մենթալիտետի առումով՝ մարդը տրվում է կամավոր աշխատանքի:
Թեև Պարեկային ոստիկանության ներդրման վերջին փուլն է, բայց վարչապետը լուծված չի համարում պարեկային ոստիկանության անձնակազմի առնվազն 30 տոկոսը կանանցով համալրելու խնդիրը: Առաջիկայում Ներքին գործերի նախարարությունում կհայտարարվի նոր ընդունելություն բացառապես կանանց համար: