Սևանը դարձնել արգելոց ու խստորեն պահպանել քաղցրահամ ջրի պաշարը, թե լճի հաշվին նաև տուրիզմ ու տնտեսություն զարգացնել։ Ո՞ր մոտեցմանն է երկիրը կողմ, ի՞նչ ենք ուզում մեր գեղեցկուհուց. հարցերի պատասխանը վերջապես կա։ Գեղարքունիքի բնակչությունից մինչև գիտնականների կարծիք-տեսակետները հաշվի առնելով՝ մասնագիտական թիմը Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլական է մշակել։
Վարդան Մելիքյան («Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ընկերության ավագ փորձագետ) - Կարևորը՝ որ լինի հավասարկշություն, տնտեսական շահերը չոտնահարվեն ի հաշիվ բնապահպանակի, բայց նաև, հաշվի առնելով, որ ներկայումս Սևանի բնապահպանական հարցերը ստորադասված են՝ իմ կարծիքով, թերևս կարևոր կլինի, որ առաջին հերթին բնապահպանական հարցերին մեծ կարևորություն տրվի:
Մեկ տարվա աշխատանքների արդյունք փաստաթուղթը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում ներկայացվեց շահագրգիռ կողմերին։ Հայաստանի խորհրդանիշ, խմելու և ոռոգման ջրի աղբյուր, նաև էներգետիկ ռեսուրս Սևանի համար՝ պետությունը ջանք չի խնայի՝ լուծելու թիրախավորված խնդիրները՝ հայտարարեց շրջակա միջավայրի փոխնախարարը։
Արամ Մեյմարյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ) - Մեր գերխնդիրներն են՝ բարձրացնել Սևանա լճի ջրի մակարդակը, ապահովել բնակավայրերի կոյուղաջրերի ու կենցաղային աղբի մաքրումը, նվազեցնել ոռոգման և էներգետիկ նպատակներով ջրի օգտագործումը, վերականգնել լճի կենսապաշարը:
Սևանին գերակա ի՞նչ դեր վերապահել ու ի՞նչ սպասել դրանից՝ պետք է որոշի Կառավարությունը՝ կապված՝ բնապահպանական, սոցիալ-տնտեսական, հիմա նաև աշխարհաքաղաքական խնդիրներից՝ պնդում է Ակադեմիայում լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ղեկավարը։ Իրենց՝ հիդրոէկոլոգների կողմից առաջարկում է կրճատել լճից ոռոգման նպատակով տարվա ջրբացթողումների թույլատրելի չափաքանակը։
Բարդուխ Գաբրիելյան (ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ) - Քանի որ փորձը ցույց տվեց՝ մենք էս տարի բացթողումները քչացել են և չէին հասել նույնիսկ 170 մլն-ի՝ մենք ունեցանք 14 սմ-ի անկում:
Կլիմայի գլոբալ տաքացման պատճառով լճից գոլորշացումն ավելացել է, ջրի ներհոսքերը՝ կրճատվել։ էկոհամակարգերի դեգրադացիա ասելով՝ Հայաստանում առաջինը Սևանի խնդիրն է մտքին գալիս՝ անկեղծացավ մեր երկրում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը։ Հորդորեց՝ ժամանակ չկորցնել քաղցրահամ ջրի ոչ միայն լոկալ, այլև տարածաշրջանի մասշտաբով ռազմավարական ավազանի պահպանության հարցում։
Նաթիա Նացվլիշվիլի (Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ) - Վատագույն կանխատեսումների համաձայն՝ գետերի հոսքը դեպի Սևան կարող է կրճատվել 34 տոկոսով այս հարյուրամյակում, ինչն ակնհայտորեն աղետ կլինի։ Դա թույլ չտալու համար պետք է հիմա հոգ տանել լճի մասին, որ հետո ուշ չլինի:
Տեսլականը, ի դեպ, մշակվել է՝ ЕU4Sevan ծրագրի՝ ՄԱԶԾ բաղադրիչի շրջանակներում։ Միջոցառմանը մասնակցող Եվրամիության պատվիրակը հույս հայտնեց, որ փաստաթուղթն իրականանալի, չափելի նպատակներ է առանձնացրել։
Ֆրենկ Հեսս (ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար) - Եվրամիության մոտեցումը Սևանի մասին շարադրված է նաև Բրյուսելի հետ Հայաստանի համագործակցության ՍԵՊԱ պայմանագրում։ Երկիրը նաև միջազգային պարտավորություններ ունի, որոնք վերաբերում են լճի էկոհամակարգերի պահպանությանն ու զարգացմանը:
Փաթեթը, Սևանի հետագա ճակատագրի հնարավոր-հավանական 3 սցենարով, կփոխանցվի Կառավարությանը։ Դեռ պետք է նաև տեսլականին հասնելու գործողությունների պլան մշակվի։