Կառավարության նիստի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադարձավ անկանխիկի կանոնակարգումներին և կանխիկի սահմանափակումների շրջանակներում Կառավարության ձեռնարկած միջոցառումներին:
«Հիշում եք, որ օրենքի ընդունումից հետո ունեինք 40 հազար 940 սուբյեկտ, որոնց մոտ ՀԴՄ-ների վրա ակտիվացված չէին POS տերմինալները, և այսօր ԿԲ-ի հետ համագործակցության արդյունքում մոտ ենք 100 տոկոս ցուցանիշին, որտեղ POS տերմինալներն ակտիվացած են: Ընդամենը չնչին հատվածն է, որ վերջնական միջոցառումներ չի ձեռնարկել: Բոլորի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն, որպեսզի օրենքի պահանջը վերջնականապես իրականացվի:
Կանխիկի սահմանափակումները ոչ միայն ՀԴՄ-ների միջոցով կատարվող գործարքների նկատմամբ են կիրառվում, այլ նաև խոշոր գործարքների:
Վերջին շրջանում ՊԵԿ-ը այդպիսի հսկիչ գնումներ էլ է անում՝ սկսած բնակարաններից, նաև այլ ծրագրեր ունենք»,- ասաց նա:
Բադասյանը հորդորեց խստիվ պահպանել կանխիկի սահմանափակումները, հակառակ դեպքում, հիշեցրեց, օրենսդրության բավականին խիստ միջոցներ են նախատեսված:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց.
«Մենք տեսնում ենք միտումներ, երբ բնակարանների առքուվաճառք է տեղի ունենում՝ կանխիկի սահմանափակումները շրջանցելով: Նրանք այդպիսով իրենց սեփականությունը ռիսկի տակ են դնում: Վաղը կարող են այդ գործարքները ինչ-ինչ պայմաններում առ ոչինչ ճանաչվել»: