ԱՊՐԻԼԻ 6-7-Ը ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԼԻՆԻ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կլինի Անկարայում:
Ռուսական կողմի տվյալով՝ կքննարկվեն էներգետիկ ոլորտի հարցեր, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրադրության կարգավորման և Անկարայի ու Դամասկոսի երկխոսության խնդիրները:
«Նախատեսվում է մանրամասն անդրադառնալ Հարավային կովկասում գործակցության խորացման, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերին»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ
Ռուսաստանը Աբխազիայի և Վրաստանի տարածքով դեպի Թուրքիա երկաթուղային բեռնափոխադրումներ է սկսել։ Վրաստանի տարածքով տարանցման փաստը հաստատել է Աբխազիայի մաքսային կոմիտեն։
«Վերջերս 62 կոնտեյներից բաղկացած գնացք է ժամանել: Ավելի վաղ եղել են նաև այլ փոխադրումներ, բայց ավելի փոքր բեռներով»,- հայտնել են կոմիտեից, հավելել՝ Աբխազիայի և Ռուսաստանի ղեկավարությունների պայմանավորվածության համաձայն՝ կողմերը պետք է ապահովեն ապրանքների անարգել տարանցումն իրենց պետությունների տարածքներով:
Պաշտոնական Թբիլիսին այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել: Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատնից վրացական լրատվամիջոցներին հայտնել են, որ Աբխազիայի տարածքով Թուրքիա ռուսական բեռնափոխադրումների մասին իմացել են լրատվամիջոցներից և այժմ պարզում են հարցը։
ԻՍՐԱՅԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Իսրայելի ոստիկանները կրկին ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ և հարձակվել այնտեղ գտնվող պաղեստինցիների վրա: Ուժայինները տասնյակ հավատացյալների բռնությամբ դուրս են հանել մզկիթից, կիրառել ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ:
Երեկ հայտնի դարձավ, որ Իսրայելի հատուկ ջոկատայինները ներխուժել են Ալ-Աքսա մզկիթ, հաղորդվում էր հարյուրավոր վիրավորների և բերման ենթարկվածների մասին: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ոստիկանները փորձել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված դիմակավոր երիտասարդներից, որոնք մուտք էին գործել մզկիթ և վանկարկել հակաիսրայելական կարգախոսներ և բռնության կոչեր։
ՊԵԿԻՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Պեկինում հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը, քննարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարը։ Դիվանագետները համատեղ հայտարարություն են ստորագրել, պայմանավորվել վերաբացել դեսպանություններն ու հյուպատոսությունները, փոխադարձ այցերի համար համապատասխան պայմաններ ստեղծել: Իրանն ու Սաուդյան Արաբիան պատրաստակամություն են հայտնել վերացնել երկկողմ հարաբերությունների զարգացման խոչընդոտները։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջը հրավիրել է Էր Ռիադ, Աբդոլլահիանն իր հերթին սաուդցի գործընկերոջը հրավիրել է Թեհրան։
ԲԵԼԱՌՈՒՍ-ՌԴ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԻՆԱՄԻԿ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Հանդիպման սկզբում Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել, թե Ռուսաստանի նախագահը շատ է աշխատում, Պուտինը պատասխանել է՝ դրա համար աշխատավարձ է ստանում:
Կրեմլի ղեկավարը տեղեկացրել է, որ այսօր նախատեսված է Միութենական պետության Գերագույն պետական խորհուրդը, որին ընդառաջ հարկավոր է մի շարք հարցեր քննարկել: Նա ընդգծել է, որ Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները դինամիկ զարգանում են, մասնավորապես՝ տնտեսության, միջազգային ասպարեզում գործակցության և երկու երկրի անվտանգության ապահովման ոլորտներում։
Լուկաշենկոն էլ հավելել է, որ Մոսկվան և Մինսկը երկու տարի առաջ միութենական 28 ծրագիր են նախանշել, դրանց գրեթե 80 տոկոսն արդեն կյանքի է կոչվել: Նա հավելել է՝ երկու երկրները միասին կդիմանան Արևմուտքի ճնշմանը և չեն փլուզվի:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալով՝ ռազմական գործողությունների էպիկենտրոնում են Բախմուտը, Ավդեևվկան և Մարյինկան։ Հաղորդագրության համաձայն՝ ռուսական ուժերը անհաջող հարձակողական գործողություններ են իրականացրել Լիմանի ու Բախմուտի ուղղությամբ, Զապորոժիեում և Խերսոնում ռուսական բանակը շարունակում է պաշտպանական գծերի կառուցել ու ամրապնդել դիրքերը։ Նշվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը 1 օրում հետ է մղել ռուսական բանակի ավելի քան 60 հարձակում։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերը պատրաստվում են հակահարձակման, սակայն հարմար ժամանակը կորոշի գլխավոր շտաբը։ Նրա խոսքով՝ հակահարձակման մեկնարկի հստակ ժամկետներ չկան, քանի որ դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Մասնավորապես՝ եղանակային պայմանները և ռազմական մատակարարումների դինամիկան։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան էլ նշել է, որ հաջող հակահարձակման դեպքում Կիևը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ղրիմի հարցով:
«Երբ մեզ հաջողվի մարտի դաշտում հասնել մեր ռազմավարական նպատակներին և երբ հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, մենք դիվանագիտական նոր էջ կբացենք, բայց դա չի նշանակում, թե բացառում ենք Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը»,- ասել է Սիբիգան։
Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի համար կարևոր իրադարձություններ կլինեն, որոնք կազդեն երկրի պաշտպանության և հետագա հաղթանակի վրա։ Նախագահը մանրամասներ չի հայտնել։ Մինչ այդ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենիյ Պրիգոժինը հայտարարել է Բախմուտը փաստացի գրավելու մասին: