Ռուսաստանի բանկերում և ներդրումային ընկերություններում հարուստ հաճախորդների միջոցներն անցած տարի նվազել են 21.5 տոկոսով՝ կազմելով 10.9 տրլն ռուբլի: Խոսքը 1 մլն դոլար և ավելի կապիտալ ունեցող հաճախորդների մասին է: Ուսումնասիրությունը ռուսական Frank RG վերլուծական ընկերությունն է կատարել:
Միևնույն ժամանակ, 2022-ին ռուսաստանցիներին պատկանող 6,6 տրիլիոն ռուբլի ուղղվել է օտարերկրյա բանկեր, և այդ միջոցների կեսից ավելին հենց հարուստ քաղաքացիներն են տեղաբաշխել։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ միջոցների փոխադրման հիմնական կենտրոն է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունները. 15.6 տոկոսը հենց այնտեղ է օգտագործում այդ գումարը: ԵՄ երկրներին ընդհանուր բաժին է հասել 16.7 տոկոսը, հաջորդը՝ Ղազախստանն է` 14.7, ապա Շվեյցարիան՝ 13.3, և Հայաստանը՝ 12.1 տոկոս:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մի կողմից սահմանափակումների պայմաններում բնականաբար այդ անձինք իրենց սահմանափակ հնարավորությունները գործարքներ կատարելու պիտի տեղափոխեն այնպիսի դաշտ, որտեղ ավելի ազատ է իրենց համար, և այս առումով վստահելիությունը Հայաստանի նկատմամբ բավականին բարձր է, կարծում եմ: Դա կապված է և արժույթի փոխարժեքի, և տնտեսական ցուցանիշների դրական տեմպերի հետ:
Ռուսաստանցիները տեղափոխած գումարը ներդրել են տարբեր ոլորտներում, նշում են տնտեսագետները: Այդ ուղղություններից մեկն էլ պասիվ եկամուտն է՝ ավանդի տեսքով:
Աղասի Թավադյան (տնտեսագետ) - Քանի որ վիճակն անկայուն է Ռուսաստանում, իհարկե, իրենք իրականում ներդնում են անշարժ գույք նաև ՀՀ-ում, նաև ոսկի, բայց նշեմ, որ ոչ միայն հարուստ մարդիկ են դուրս եկել, և իրենց կապիտալն է դուրս եկել ՌԴ-ից, այլ նաև աշխատավոր մարդկանց մի զգալի հատվածը, ասենք, ՏՏ ոլորտի` դուրս է եկել:
Ընկերության հարցումները ցույց են տվել՝ առաջիկայում Արաբական Միացյալ Էմիրություններում իր գումարը կներդնի ռուսաստանցիների 16.1 տոկոսը, 7.5 տոկոսը նախատեսում է Հայաստանում օգտագործել իր միջոցները, հաջորդում են՝ Թուրքիան, Ղազախստանը և Չինաստանը:
Էդգար Աղաբեկյան - Կարծում եմ փորձաշրջանը` անցած տարվա, իրենց էլ ազդակներ տվեց, որ մեր ֆինանսական համակարգը բավականին կայուն է, մանավանդ, եթե դիտարկենք էս պատերազմական, քաղաքական լարվածության պայմաններում: Եթե մեր ֆինանսական համակարգը որոշակի կայունություն է դրսևորում և նաև ցուցանիշների առումով լավանում է, պիտի դիտարկենք, որ մենք իրենց համար գրավիչ ենք դառնում, և վստահելիությունը ժամանակի մեջ գնալով մեծանում է:
Ըստ վերլուծական ընկերության ուսումնասիրության՝ 1 տարում Ռուսաստանում մեկ միլիոն դոլարից ավելի իրացվելի ֆոնդեր պահելու պատրաստ մեծահարուստների թիվը 46,2 հազարից նվազել է՝ հասնելով 37,8 հազարի։
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան