Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալով՝ ռազմական գործողությունների էպիկենտրոնում են Բախմուտը, Ավդեևվկան և Մարյինկան։ Հաղորդագրության համաձայն՝ ռուսական ուժերը անհաջող հարձակողական գործողություններ են իրականացրել Լիմանի ու Բախմուտի ուղղությամբ, Զապորոժիեում և Խերսոնում ռուսական բանակը շարունակում է պաշտպանական գծերի կառուցել ու ամրապնդել դիրքերը։
Նշվում է, որ Ուկրաինայի Զինված ուժերը 1 օրում հետ է մղել ռուսական բանակի ավելի քան 60 հարձակում։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերը պատրաստվում են հակահարձակման, սակայն հարմար ժամանակը կորոշի գլխավոր շտաբը։
Նրա խոսքով՝ հակահարձակման մեկնարկի հստակ ժամկետներ չկան, քանի որ դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Մասնավորապես՝ եղանակային պայմանները և ռազմական մատակարարումների դինամիկան։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Անդրիյ Սիբիգան էլ նշել է, որ հաջող հակահարձակման դեպքում Կիևը պատրաստ կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ղրիմի հարցով:
«Երբ մեզ հաջողվի մարտի դաշտում հասնել մեր ռազմավարական նպատակներին և երբ հայտնվենք Ղրիմի հետ վարչական սահմանին, մենք դիվանագիտական նոր էջ կբացենք, բայց դա չի նշանակում, թե բացառում ենք Ղրիմը ռազմական ճանապարհով ազատագրելու տարբերակը»,- ասել է Սիբիգան։
Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի համար կարևոր իրադարձություններ կլինեն, որոնք կազդեն երկրի պաշտպանության և հետագա հաղթանակի վրա։ Նախագահը մանրամասներ չի հայտնել։ Մինչ այդ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենիյ Պրիգոժինը հայտարարել է Բախմուտը փաստացի գրավելու մասին: