««Պետական արարողակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «բարձրաստիճան պատվիրակությունների» հասկացությունում ներառել նաև ՀՀ փոխվարչապետների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունները՝ հաշվի առնելով շատ երկրներում, այդ թվում՝ մեր երկրում, փոխվարչապետների գործառութային և արարողակարգային ավելի մեծ դերակատարում ունենալու և այցերը պատշաճ մակարդակով և օպերատիվ կազմակերպելու հանգամանքը. ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի նիստում ներկայացնելով հարցը:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի հավաստմամբ՝ նախատեսվել է փոխվարչապետի հրավերով Հայաստան ժամանող հյուրերի ֆինանսավորման ձևաչափը, ինչպես նաև սահմանվել, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ ՀՀ այցերի հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվության հիման վրա՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի՝ վարչապետի որոշմամբ:
Ըստ փոխնախարարի՝ լիազորող նորմ է սահմանվել ՀՀ վարչապետի համար այն միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ցանկը սահմանելու մասին որոշման ընդունման նպատակով, որոնց բարձրաստիճան պատվիրակությունները ՀՀ են ժամանում ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ փոխվարչապետների և արտաքին գործերի նախարարի հրավերով:
Մնացական Սաֆարյանը նշել է, որ միջազգային կազմակերպությունների ցանկին ավելացվել է «և այլ միջազգային կառույցներ» եզրույթը, որպեսզի Եվրոպական միությունը դուրս չմնա այդ ցանկից: Չնայած Եվրոպական միությունը միջազգային կազմակերպություն չէ, սակայն լիովին վայելում է «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թ. կոնվենցիայով» նախատեսված բոլոր արտոնությունները, քանի որ կոնվենցիայի մշակման պահին միությունը ներկայիս կառուցվածքային առանձնահատկությունները չուներ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Լենա Նազարյանը մատնանշել է մի շարք դրույթներ, որոնք հստակեցման կարիք ունեն: Դրանք կշտկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
Օրինագիծն ստացել է դրական եզրակացություն: