Ինչքան էլ որ շատերը 2023 թվականի բյուջեի եկամտային մասերը համարում էին ռիսկային, շատերը համարում էին ոչ իրատեսական, բայց ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի հարկային եկամուտները գերակատարվել են 14 մլրդ դրամով, ավելին՝ առաջին եռամսյակի հարկային եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով կամ շուրջ 60,8 մլրդ դրամով: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հավաքված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 մլրդ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով՝ 42,2 մլրդ դրամով: «Սա այն պարագան է, երբ մենք ավելացված արժեքի հարկի մի շարք հարկատեսակների գծով վերադարձնում ենք, և ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանում շուրջ 60 միլիարդի այսպիսի գումար կար, որ տասնյակ տարիներով չէր վճարվել: Այսինքն՝ անհատների փողն էր, և գերավճարների շրջանակներում պետությունը վերցրել ու չէր տալիս: Մենք գումարը վերադարձրինք: Այս համատեքստում սա նշանակում է 93 միլիարդի շրջանառու միջոցները հնարավոր ամենաարագ ձևով վերադարձնել տնտեսվարողներին: Ուզում եմ ընդգծել, որ առաջին եռամսյակում հավաքված գումարներից ֆիզիկական անձանց վերադարձվել է 13,4 մլրդ դրամ եկամտային հարկ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 4,4 մլրդ դրամով կամ 49 տոկոսով: Սա հիմնականում կատարվում է հիփոթեքային վարկերի վճարման համար: Մենք մարդկանց աջակցում ենք նորակառույց շենքերում բնակարաններ ձեռք բերելու հարցում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2,4 տրիլիոն դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 591 մլրդ դրամով կամ 31,3 տոկոսով ավելի է, քան 2022-ի առաջին եռամսյակում: «Եթե վերցնենք միայն ՀԴՄ կտրոնները, ապա 2023-ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 48,7 մլրդ դրամով կամ 9,4 տոկոսով ավելին է, քան 2022-ի առաջին եռամսյակում: Սա ես շատ կարևոր եմ համարում և ուզում եմ կրկին անհոգնել շնորհակալություն հայտնել ՀՀ բոլոր օրինապաշտ, օրինապահ հարկ վճարողներին, որոնց գործունեության, աշխատանքի և օրինապահության արդյունքում է, որ մենք այս մասշտաբների ծրագրեր ենք կարողանում իրականացնել: Ես ուզում եմ, որ շատ հստակ լինի այս ուղերձը, որ հարկերից խուսափելու և ընդհանրապես օրենքի հետ կապված պարագայում ընդհանրապես որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու պետության հնարավորության մասին է»,- ասաց վարչապետը: