ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ:
«Մարզաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվում է «Հանուն խաղաղության և զարգացման» խորագրի ներքո: Հասարակության կյանքում սպորտի դերը բազմանշանակ է. այն ֆիզիկական և առողջ ապրելակերպի կրթություն և մշակույթ է, առողջ հոգու ու խաղաղ ներաշխարհի, արդարության, մրցակցի նկատմամբ հարգանքի արժեքային ընկալում: Խորհրդանշական է, որ համերաշխության և համախմբման համընդհանուր գաղափարները լավագույնս դրսևորվում են հենց սպորտի բնագավառում: Հայաստանի Հանրապետության դրոշը տարբեր հարթակներում բարձր պահած սիրելի՛ մարզիկներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն բաղձալի պահերի և հաղթանակների համար, որոնք ունեցել ենք ձեր շնորհիվ:
Վստա՛հ եղեք՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, անում է ամեն ինչ ձեր միջազգային նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու և մարզումային պայմանները բարելավելու համար: Համաշխարհային սպորտային քարտեզում Հայաստանի տեղն ամրապնդելու ջանքերն ու քայլերը շարունակական են լինելու:
Առաջիկայում էլ՝ ապրիլի 15-23-ը, Երևանը դառնալու է ծանրամարտի եվրոպական մայրաքաղաք՝ իր հարկի տակ ընդունելով 40 երկրի շուրջ 350 մարզիկի: Կարևորելով սպորտի տեղն ու դերը հանրային կյանքում՝ մասսայական սպորտի շարունակական միջոցառումներով զարգացնելու ենք առողջ ապրելակերպին միտված ծրագրերը՝ վստահ լինելով, որ սպորտը հանրային կենսակերպի կարևոր բաղադրիչ է:
5 մարզաձևում անցկացվող «Վարչապետի գավաթ» մրցաշարերն առավել մասնակցային դարձնելու գործելաոճը նաև հանրային աջակցություն է գտնում, ինչն ուրախալի փաստ է: Սպորտի միջազգային օրվա առթիվ շնորհավորում եմ նաև մարզիչ-մանկավարժներին. ձեր ամենօրյա աշխատանքը նպաստում է առողջ, ուժեղ, հայրենասեր և կիրթ սերունդ ունենալուն: Ձեզ մաղթում եմ քաջառողջություն, կամք ու եռանդ՝ նոր հաղթանակների ճանապարհին»,- նշված է ուղերձում: