Լիբանանի տարածքից առնվազն 100 հրթիռ է արձակվել դեպի Իսրայելի հյուսիսային շրջաններ: 2006 թվականից ի վեր սա ամենազանգվածային հարձակումն է այդ ուղղությամբ:
Իսրայելական բանակը, ի պատասխան, օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին: Կողմերը հայտնում են տուժածների մասին:
Հրետակոծության հետևանքների մասին հակասական տեղեկություններ են ստացվում: Իսրայելական կողմը հայտարարում է, որ հրթիռների մի մասը հաջողվել է որսալ։ Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Սահմանամերձ քաղաքներում օդային տագնապ է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել:
Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ Իսրայելի տարածքը, հնարավոր է, հրթիռակոծվել է Լիբանանի տարածքում գտնվող պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցի հավատացյալների վրա իսրայելցի իրավապահների հարձակման։
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն արդեն հայտարարել է, որ կապ չունի հրթիռակոծության հետ:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Իսրայելի ոստիկանները վերջին 3 օրվա ընթացքում երկրորդ անգամ ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ: Ուժայինները տասնյակ հավատացյալների բռնությամբ դուրս են հանել մզկիթից, կիրառել ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ: Իսրայելական կողմի պնդմամբ՝ ոստիկանները փորձել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված դիմակավոր երիտասարդներից, որոնք մուտք էին գործել մզկիթ և վանկարկել հակաիսրայելական կարգախոսներ և բռնության կոչեր։
Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը դատապարտել են իսրայելցի իրավապահների գործողությունները: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Ալ-Աքսա մզկիթի վրա կարմիր գիծ է Թուրքիայի համար: «Անկարան չի լռի: Մեր պաղեստինցի եղբայրները միայնակ չեն»,- ասել է Թուրքիայի նախագահը: