ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԿԱՆՉՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ
Բաքվում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ: Սեյյեդ Աբաս Մուսավիին հայտնել են, որ իրանցի չորս դիվանագետ անցանկալի անձ է ճանաչվել և նրանք 48 ժամվա ընթացքում պետք է լքեն Ադրբեջանի տարածքը։
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նման որոշում է կայացվել դեսպանատան աշխատակիցների գործունեության պատճառով, որը, ըստ ադրբեջանական կողմի, «անհամատեղելի է դիվանագիտական կարգավիճակի հետ»:
Իրանի դեսպանին խիստ դժգոհություն են հայտնել, նշելով, թե իբր Թեհրանի Ադրբեջանի նկատմամբ սադրիչ գործողություններ է իրականացնում։
Ադրբեջանում ձերբակալվել է վեց անձ, որոնց մեղադրում են Իրանի օգտին աշխատելու, Բաքվի աշխարհիկ կառավարությունը տապալելու ծրագրերի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտոնական աղբյուրներին: Ձերբակալվածներն Ադրբեջանի քաղաքացիներ են:
Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք զբաղվել են կրոնական քարոզչությամբ և հավաքագրել մարդկանց՝ երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով:
ԼԻԲԱՆԱՆԻՑ ԱՌՆՎԱԶՆ 100 ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿՎԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Լիբանանի տարածքից առնվազն 100 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ: 2006 թվականից ի վեր սա այդ ուղղությամբ ամենազանգվածային հարձակումն է: Իսրայելական բանակն ի պատասխան օդային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային շրջաններին: Կողմերը հայտնում են տուժածների մասին:
Հրետակոծության հետևանքների հետ կապված հակասական տեղեկություններ են ստացվում: Իսրայելական կողմը հայտարարում է, որ հրթիռների մի մասը հաջողվել է որսալ։ Թել Ավիվի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Սահմանամերձ քաղաքներում օդային տագնապ է:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել: Իսրայելի Զինված ուժերը հայտարարել է, որ հրթիռակոծության համար պատասխանատու է Համաս խմբավորումը, ուսումնասիրվում է նաև Իրանի դերակատարության հարցը:
Լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրում են, որ Իսրայելի տարածքը, հնարավոր է, հրթիռակոծվել է Լիբանանի տարածքում գտնվող պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում պաղեստինցի հավատացյալների վրա իսրայելցի իրավապահների հարձակման։
Լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումն արդեն հայտարարել է, որ կապ չունի հրթիռակոծության հետ:
Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Իսրայելի ոստիկանները վերջին 3 օրվա ընթացքում երկրորդ անգամ ներխուժել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ: Ուժայինները տասնյակ հավատացյալների բռնությամբ դուրս են հանել մզկիթից, կիրառել ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։ Կան ձերբակալվածներ:
Իսրայելական կողմի պնդմամբ՝ ոստիկանները փորձել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված դիմակավոր երիտասարդներից:
Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը դատապարտել են իսրայելցի իրավապահների գործողությունները: Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Ալ-Աքսա մզկիթի վրա` կարմիր գիծ է Թուրքիայի համար:
«Անկարան չի լռի: Մեր պաղեստինցի եղբայրները միայնակ չեն»,- ասել է նա:
ԻՐԱՆԸ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿՁԵՎԱՎՈՐԻ
Իրանը մտադիր է Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հանձնաժողով ձևավորել, որը կզբաղվի երկկողմ առևտրատնտեսական հարցերով՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը Սաուդյան Արաբիայի պաշտոնակից հետ Պեկինում կայացած բանակցություններից հետո։ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելել է, որ գործակցության կարևոր ոլորտներից է նաև տարանցումը:
«Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին Իրանի հյուսիսային հարևանների հետ առևտուր անելու բացառիկ հնարավորություն է տալիս», - ասել է Իրանցի դիվանագետը։
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՁԳՏԻ ՆՊԱՍՏԵԼ ԽԱՂԱՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆԸ. ՉԺՀ ՆԱԽԱԳԱՀ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Ֆրանսիայի նախագահին: Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ զարգացումները: Մակրոնը հայտարարել է, որ ակնկալում է Պեկինի աջակցությունը՝ Մոսկվային և Կիևին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հարցում:
Նա հավելել է՝ ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում միջուկային զենքի կիրառումը հարկավոր է կանխել:
Սի Ծինփինն իր հերթին նշել է, որ Չինաստան-Ֆրանսիա հարաբերությունները դինամիկ զարգանում են, երկրները շարունակում են ինտենսիվ ռազմավարական երկխոսություն վարել, խորացնել գործակցությունը տարբեր ոլորտներում։
«Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, Չինաստանը վճռականորեն կձգտի նպաստել խաղաղ երկխոսությանը և քաղաքական կարգավորմանը»,- նշել է Սին, հավելել՝ Պեկինը պատրաստ է գործակցել՝ մեղմելու ուկրաինական ճգնաժամի հետևանքները։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՁԱԿՄԱՆ. ՌԵԶՆԻԿՈՎ
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերը պատրաստվում են հակահարձակման, սակայն հստակ ժամկետներ չկան, քանի որ դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ։ Մասնավորապես՝ եղանակային պայմանները և ռազմական մատակարարումների դինամիկան։
Ավելի վաղ՝ ապրիլի 3-ին, Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ Ուկրաինայի համար կարևոր իրադարձություններ կլինեն, որոնք կազդեն երկրի պաշտպանության և հետագա հաղթանակի վրա։ Մինչ այդ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենիյ Պրիգոժինը հայտարարել է Բախմուտը փաստացի գրավելու մասին: