Իրանը մտադիր է Սաուդյան Արաբիայի հետ համատեղ հանձնաժողով ձևավորել, որը կզբաղվի երկկողմ առևտրատնտեսական հարցերով՝ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը՝ Սաուդյան Արաբիայի պաշտոնակից հետ Պեկինում կայացած բանակցություններից հետո։
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ գործակցության կարևոր ոլորտներից է նաև տարանցումը: «Մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի մյուս երկրներին Իրանի հյուսիսային հարևանների հետ առևտուր անելու բացառիկ հնարավորություն է տալիս»,- ասել է իրանցի դիվանագետը։
Պեկինում Իրանի և Սաուդյան Արաբիայի նախարարներն ավելի վաղ համատեղ հայտարարություն են ստորագրել, պայմանավորվել վերաբացել դեսպանություններն ու հյուպատոսությունները, փոխադարձ այցերի համար համապատասխան պայմաններ ստեղծել: Երկրները պատրաստակամություն են հայտնել վերացնել երկկողմ հարաբերությունների զարգացման խոչընդոտները։