2023 թ. ապրիլի 6-ին Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի (խորհրդարանի) նախագահ Համուդե Սաբբաղի հետ: Այս մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սիրիայի խորհրդարանների միջև կապերի զարգացմանն և ընդլայմանն առնչվող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջպարլամենտական ամենատարբեր հարթակներում հայ և սիրիացի խորհրդարանականների համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը խորհրդարանի նախագահին ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Մտքեր են փոխանակվել Սիրիա-Թուրքիա հարաբերությունների և դրանցում վերջին զարգացումների շուրջ:
Պարոն Համուդե Սաբբաղը պատրաստակամություն է հայտնել ամենասեղմ ժամկետներում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը Սիրիա այցելելու հրավեր հղելու առթիվ: Հանդիպմանը մասնակցել են Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Լուսի Իսքենյանը և ՀՀ դեսպանության խորհրդական Վարդան Ադամյանը»,- նշված է գրառման մեջ: