Վրաստան կատարած եռօրյա այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է Կվեշեթի-Կոբի 23 կիլոմետր երկարությամբ վերանորոգվող ճանապարհի՝ Կազբեկի թունելի շինարարական տեղամաս։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Պատվիրակությանը դիմավորել են Մցխեթա-Մթիանեթի նահանգում Վրաստանի կառավարության ներկայացուցիչը և Կազբեկի քաղաքապետը։
Հայկական պատվիրակությունը տեղում ծանոթացել է թունելի շինարարական աշխատանքներին և կիրառվող տեխնոլոգիաներին։
Վրացական կողմը ներկայացրել է թունելի տեխնիկական հնարավորությունները և խոսել շինարարության ժամկետների մասին։
Այնուհետև պատվիրակությունը տեղում ծանոթացել է նորագույն տեխնոլոգիայի միջոցով (TBM) թունելի փորման աշխատանքներին։
Տվյալ ճանապարհահատվածում թունելներից բացի կառուցվում են նաև կամուրջներ։
Հայկական պատվիրակությունն այցելել է Վրաստան-Ռուսաստան սահմանի՝ Վերին Լարսի անցակետ։