Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համար 2023-ը կարող է դառնալ ամենաարդյունավետը: Ծրագրով նախատեսված աշխատանքների մոտ 60 տոկոսն արդեն արված է:
Հայկ Գալստյան (ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի համակարգող) - 3 դպրոց գտնվում են շահագործման հանձնման փուլում: 21 դպրոց տարբեր շինարարության փուլում են, մեր պլաններում է դրանցից 7-ը այս տարի նույնպես շահագործման հանձնել:
15 դպրոց այս պահին նախագծման փուլում է: Ընդհանուր առմամբ, ծրագրով նախատեսված է հանրապետությունում կառուցել կամ հիմնանորոգվել 46 դպրոց:
Հայկ Գալստյան - 7-ի նախագծերը ֆիզիկապես ավարտված են և գտնվում են տարբեր փորձաքննությունների փուլում: Այս տարի նախատեսում ենք հայտարարել 15 դպրոցի շինարարության մրցույթներ և իրատեսական ենք համարում, որ ամբողջը հնարավոր կլինի իրականացնել:
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով՝ 107 միլիոն դոլար ներդրմամբ։ Այս տարի կշահագործվի նաև Հակոբ Կարապենցի անվան Երևանի 6-րդ դպրոցը:
Հայկազունի Մելիքյան (աշխղեկ) - Ներքին հարդարումը մի քանի փուլից է կազմված, առաջին՝ գաջի փուլն ավարտվում է, և սկսվում է ներկարարությունը:
Դպրոցի կառուցման համար ներդրվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Ինչպես ծրագրի մյուս դպրոցները, այս մեկը ևս հարմարեցված է լինելու ներառական կրթության համար, ունենալու է հարմարավետ դասասենյակներ և լաբարատորիա։
Հայկազունի Մելիքյան - Տեղադրված է վերելակ, որը գործում է նկուղային հարկից մինչև երրորդ հարկ, որը կհեշտացնի հաշմանդամների և երեխաների այցը դպրոց:
Ըստ նախագծային հզորության՝ շենքը նախատեսված է 648 աշակերտի համար, սակայն պատասխանատուների խոսքով՝ կարող է ընդունել 800-ից ավելի:
Հայկ Գալստյան - Կառավարության քաղաքականության համատեքստում զուգահեռ իրականացրել ենք գույքի ձեռքբերման աշխատանքներ, այսինքն՝ հագեցած կլինի անհրաժեշտ ամբողջ գույքով:
Երևանի համար 6 դպրոցը շահագործումից առաջ անցնելու է միջազգային փորձաքննություն և ստանալու է սերտիֆիկատ, որը կհավաստի՝ սեյսմակայուն է նույնիսկ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում: