Ռուսաստանն Աբխազիայի տարածքով Թուրքիա բեռնափոխադրումներ է իրականացնում։ Վրաստանի տարածքով տարանցման փաստը հաստատել է Աբխազիայի մաքսային կոմիտեն։
«Վերջերս 62 կոնտեյներից բաղկացած գնացք է ժամանել, այն անցել է առանց ուշացումների: Ավելի վաղ եղել են նաև այլ փոխադրումներ, բայց ավելի փոքր բեռներով»,- հայտնել են կոմիտեից, հավելել՝ Աբխազիայի և Ռուսաստանի ղեկավարությունների պայմանավորվածության համաձայն՝ կողմերը պետք է ապահովեն ապրանքների անարգել տարանցումն իրենց պետությունների տարածքներով:
Պաշտոնական Թբիլիսին այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել: Թբիլիսիում Թուրքիայի դեսպանությունից վրացական լրատվամիջոցներին հայտնել են, որ Աբխազիայի տարածքով Թուրքիա ռուսական բեռնափոխադրումների մասին իմացել են լրատվամիջոցներից և այժմ պարզում են այդ հարցը։