Պեկինում հանդիպել են Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ու Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդը, քննարկել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքին առնչվող հարցեր՝ հայտնում է IRNA գործակալաությունը։
Արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ստորագրել։ Երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման տեսանկյունից կողմերն ընդգծել են մարտի 10-ի Պեկինի համաձայնությունն իրագործելու կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են համաձայնեցված ժամանակահատվածում վերաբացել դեսպանություններն ու հյուպատոսությունները, շարունակել անհրաժեշտ համակարգումները թռիչքների վերսկսման և փոխադարձ այցերի իրականացման համար, ավելացնել համագործակցության զարգացման ուղիների շուրջ խորհրդատվական հանդիպումներն ու քննարկումները:
Իրանն ու Սաուդյան Արաբիան պատրաստակամություն են հայտնել վերացնել երկկողմ համագործակցության զարգացմանը խանգարող բոլոր խոչընդոտները։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարն իրանցի գործընկերոջը հրավիրել է Էր Ռիադ, Աբդոլլահիանը, իր հերթին, սաուդցի գործընկերոջը հրավիրել է Թեհրան։