Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց նախկին գլխավոր դատախազ, հետախուզվող Գևորգ Կոստանյանի, նրա նախկին կնոջ և փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը: Դատավոր Լիլի Դրմեյանը լրատվամիջոցների տեսանկարահանման միջնորդության անդրադարձավ նիստը սկսվելուց մոտ կես ժամ անց, երբ արդեն ճշտել էր փաստաբանների լիազորագրերի տվյալները և քննարկել բացարկի հարցը:
Անդրադառնալով լրագրողների դիմումներին` դատավորը չթույլատրեց տեսանկարահանել նիստը, ընդ որում՝ միջնորդության դեմ էր միայն Կոստանյանի ներկայացուցիչը, մյուս փոխկապակցված անձի ներկայացուցիչն ու դատախազը կողմ էին: Փաստաբան Վարազդատ Ասատրյանի պատճառաբանություններից մեկն այն էր, թե մտավոր աշխատանք են կատարում, և տեխնիկական միջոցների կիրառումը խանգարում է, շեղում մասնակիցների ուշադրությունը: Դատավորն էլ, ողջամիտ համարելով հիմնավորումները, արգելեց տեսանկարահանումը:
Այնուհետև Ասատրյանը նիստը դռնփակ քննելու միջնորդություն ներկայացրեց: Միջնորդությունը քննարկվեց դռնփակ, հետո նիստը շարունակվեց դռնբաց, բայց լրագրողներին դահլիճ հրավիրեցին այն ժամանակ, երբ դատախազն արդեն թվարկում էր Կոստանյանին պատկանող, բռնագանձման ենթակա գույքերը:
Իսկ դատախազությունը պահանջում է Կոստանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ պետության բռնագանձել մեկ բնակարան Երևանում, մեկ անշարժ գույք Ծաղկաձորում և Ջրվեժում գտնվող անշարժ գույքի 98 տոկոսը: Բռնագանձել մոտ 174 միլիոն դրամ որպես ապօրինի եկամտի մնացորդ, ավելի քան 276 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով:
Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը ներկայացրեց հայցապահանջը, ըստ որի՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտների հանրագումարը մոտ 263 միլիոն դրամ է եղել, մինչդեռ ծախսերը` 631 միլիոն: Հայցվորը ըստ տարիների ներկայացրեց ենթադրյալ ապօրինի գույքի ձեռքբերումներն ու եկամուտները: Նշեց՝ դեռևս 1996 թվականին Կոստանյանը 60 հազար դրամով ձեռք է բերել տարածք Ծաղկաձորում, որի վրա 99 թվականին կառուցվել է մենատուն, և տարածքն ընդլայնվել է: Ըստ հայցի՝ Կոստանյանի օրինական եկամուտները 1995-ից 2003 թվականներին մոտ 2 միլիոն դրամ են եղել, մինչդեռ ըստ փորձագետի՝ մենատան շինարարական աշխատանքները կարող էին կազմել ավելի քան 82 միլիոն դրամ:
Իսկ 2012-ին Կոստանյանի անվամբ ձեռք է բերվել «Տոյոտա» մակնիշի մեքենա, որի միջին մաքսային արժեքը, ըստ ՊԵԿ-ի, 4 միլիոն դրամ է եղել: Դատախազը նշեց՝ մեքենան նույն թվականին Կոստանյանը վաճառել է 10 դրամով: Նույն թվականին Կոստանյանը 12 միլիոնով ձեռք բերել նաև «Լեքսուս» մակնիշի մեքենա, վաճառել 1 միլիոն դրամով, դատախազի պնդմամբ՝ այն ամբողջությամբ ապօրինի է, քանի որ դրա ձեռք բերման պահին օրինական դրամական միջոցները բացակայել են:
Դատախազն անդրադարձավ նաև Կոստանյանի ամուսնալուծությանը, ասաց` ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018-ի ամուսնալուծությունը ձևական բնույթ է կրում, ըստ Նելլի Տեր-Թորոսյանի՝ պարզվել է, որ Կոստանյանները ամուսնալուծությունից հետո բազմիցս հատել են Հայաստանի սահմանը միաժամանակ և նույն ուղղությամբ, բացի այդ, նրանք մինչև օրս շարունակում են հաշվառված մնալ նույն հասցեում: Ըստ դատախազի՝ ամուսնալուծության գրանցումից հետո Լիլիթ Կոստանյանը փոխանցումներ է կատարել արտասահման:
Կոստանյանի ներկայացուցիչն ամբողջությամբ առարկեց հայցի դեմ, նշեց՝ այն անհիմն է և ենթակա մերժման, ըստ փաստաբանի՝ ուսումնասիրությունները ոչ իրավաչափ են եղել, ուղեկցվել են օրենքի մի շարք խախտումներով: Փաստաբանը առարակությունները կշարունակի նաև մյուս նիստին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան