Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղեկցությամբ, պետական այցով ժամանել է Չինաստան: Մակրոնի հետ Չինաստան է մեկնել ֆրանսիացի գործարարների զգալի պատվիրակություն։
Եվրահանձնաժողովի խոսնակ Էրիկ Մամերն լրագրողներին բացատրել է, որ Մակրոնն ու Ֆոն դեր Լայենը միասին են մեկնել Չինաստան, սակայն Եվրահանձնաժողովի ղեկավարը չի մասնակցի Ֆրանսիայի պետական այցի աշխատանքներին։ Նրանք միայն համատեղ հանդիպում կունենան Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Եռօրյա այցի շրջանակներում նախատեսված հանդիպումների ժամանակ քննարկման թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի իրադրությունը, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Ֆրանսիական դիվանագիտության ղեկավար Կատրին Կոլոննան էլ, օրեր առաջ մեկնաբանելով Չինաստանում ապագա խոսակցությունների բովանդակությունը, նշել է, որ Մակրոնը մտադիր է Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներում ընդգծել Ռուսաստանին «ռազմական աջակցությունից զերծ մնալու» կարևորությունը։
Չինաստան մեկնելուց առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-Չինաստան հարաբերությունների ապագայում որոշիչ գործոն կլինի այն, թե ինչպես է Չինաստանը շարունակում դիտարկել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ԵՄ-ի նպատակը Պեկինի հետ հարաբերություններում դիվանագիտական կայունություն հաստատելն է։ «Կարծում եմ, որ Չինաստանից անջատվելն անընդունելի է, դա չի բխում Եվրոպայի շահերից»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Ըստ լրատվամիջոցների՝ ֆրանսիական տնտեսության ամենակարևոր ապրանքները, որոնք հետաքրքրում են չինական կողմին, գինին և ոգելից խմիչքներն են՝ այդ հարցում Ֆրանսիան Պեկինի առաջին արտասահմանյան մատակարարն է, ավիացիան՝ երկրորդ մատակարարը ԱՄՆ-ից հետո, կոսմետիկան՝ երկրորդը Ճապոնիայից հետո և դեղագործությունը՝ չորրորդը՝ Գերմանիայից, Իռլանդիայից և ԱՄՆ-ից հետո։