Ներկայումս Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ոլորտում գործունեություն են ծավալում շուրջ 53 սերտիֆիկացված արտադրողներ, սակայն օրգանական գյուղատնտեսության զարգացման և արտադրանքի ծավալների ավելացման պոտենցիալը բավական մեծ է: Ներկայացված օրենսդրական նախագծերի նպատակն է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնման և արտադրանքի ծավալների աճի համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Առաջարկվող օրենսդրական փոփոխության արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լիազորվում է օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պահանջների նկատմամբ իրականացնել վերահսկողություն, ինչն այսօր չի արվում:
Սահմանվում են վարչական տուգանքներ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մակնշման, պահպանման, փոխադրման, իրացման պայմանների խախտումների դեպքերում:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: