Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը և Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը։
Փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ներկայիս դինամիկան՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ընդլայնման վերաբերյալ, ինչպես նաև կարևորել է GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն հայտնել գերմանացի գործընկերներին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։ Փոխվարչապետն ընդգծել է նաև Գերմանական զարգացման բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի կարևորութունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ռիխտերը գոհունակությամբ է խոսել երկկողմ համագործակցության մասին և արժևորել մի շարք ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման ներուժը:
Զրուցակիցները քննարկել են կրթական և մշակութային, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: