ԱԺ գլխադասային հանձնաժողովին ներկայացվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թ-ի գործունեության տարեկան հաղորդումը: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծեց լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունները: Նա նկատեց, որ մի շարք երկրներում պետությանը իրավունք է տրվել առցանց լրատվամիջոցների դեպքում որոշակի կարգավորումներ անել՝ բացառելով, օրինակ, բռնության կոչերը, մանիպուլյացիաները և ոչ միայն:
Տիգրան Հակոբյան (ՀՀ ՀՌՀ նախագահ) - Կարծում եմ, որ սա և՛ ԱԺ ի, և՛ հասարակության ուշադրության կենտրոնում պետք է լինի, եթե մտահոգություն ունեն տեղեկատվական անվտանգության, ազգային արժեքների և հանրային անդորրի խնդիրների վերաբերյալ:
ՀՌՀ նախագահն ընդգծեց, որ իրենց մոնիթորինգի տակ գտնվող մեդիաները ամբողջ տարին գործել են ազատ, անկախ, և իրենց հարցումներին ի պատասխան` արդյոք պետության կողմից ճնշումներ կամ միջամտություններ եղել են, նշել են միայն 3 դեպք: Մեկում հեռուստաընկերությունը հանձնաժողովի ուշադրությունն է հրավիրել խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների պահվածքի վրա՝ ընդգծելով, որ լրագրողների հարցերին պատասխանում են զայրույթով, օգտագործում են վիրավորական հռետորաբանություն:
Տիգրան Հակոբյան - Մեզ համար ևս նկատելի է որոշ պատգամավորների անհարգալից վերաբերմունքը լրագրողների նկատմամբ, բայց դա բնականոն, համատարած բնույթ չի կրում, ու կարծում ենք, որ սա շտկելու խնդիր է:
Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչի համաձայն` Հայաստանը 2022 ին նախորդ տարվա համեմատ 12, 2018- ի համեմատ 29 կետով բարելավել է դիրեքերը ու 180 պետությունների շարքում այսօր զբաղեցնում է 51 -րդ տեղը: Հանձնաժողովի անդամներին Տիգրան Հակոբյանը վստահեցրեց՝ չնայած շատ դեպքերում կասկածի տակ է դրվում հանձնաժողովի թափանցիկությունը, իրենք պետական մարմիններից անկախ են աշխատում:
Տիգրան Հակոբյան - Դա չի նշանակում, որ փորձեր չեն լինում, և՛ զանգեր, և՛ հանդիպումներ լինում են, բայց մեր բոլոր որոշումները ելնում են միայն մեր համոզմունքներից, ու ոչ մի լրատվամիջոց իր քաղաքական հայացքների համար հետապնդման չի ենթարկվել:
Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ վերջին 4 տարվա ընթացքում «Գովազդի մասին» օրենքի փոփոխությունները հանգեցրել են հեռարձակողների ֆինանսական վիճակի վատթարացման, օրինակ բերեց եթերում շահումով խաղերի գովազդի սահմանափակումը: ՀՌՀ նախագահը թեև կարծում է, որ դա անհրաժեշտություն էր, միևնույն ժամանակ մատնանշում է հեռարձակողների համար լրջագույն խնդիրների առաջացման փաստը: Տարեկան մոտ 2 մլն դոլար դուրս է եկել գովազդային շուկայից, և այլ լուծում բացը լրացնելու համար չի տրվել: Հակոբյանը նշում է` դա կտրուկ ազդել է նաև մեդիաարտադրանքի որակի վրա:
Տիգրան Հակոբյան - Որովհետև ինչքան քիչ փող, այնքան վատ որակ, ու նաև շատերին ավելի կախման մեջ է գցել քաղաքական ուժերից կամ անհատներից, շատ երկրներում պետությունը քայլեր է անում. որ թեթևացնի նրանց ֆինանսական բեռը, իսկ մեզ մոտ չեն արվում:
Խոսելով գրանցած հաջողություններից` ՀՌՀ նախագահը նկատեց՝ այսօր հեռուստաընկերություններում հայերեն հաղորդումների քանակը հատում է 80 տոկոսի շեմը` այն դեպքում, երբ 4 տարի առաջ այդպիսի արտադրանքը 55 տոկոս էր կազմում, իսկ սեփական հաղորդումները 64 տոկոս են կազմում նախորդ տարվա 54-ի փոխարեն: