Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի աջակցությամբ կազմակերպած «Ներդրումներ Հայաստանում, բաց դռների քաղաքականություն» հայ-ռուսական գործարար համաժողովին ներկայացվեցին Հայաստանում ներդրումային քաղաքականությունն ու գործարար միջավայրը: Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ ապրանքաշրջանառության կայուն աճի ապահովման ուղղությամբ երկուստեք կատարված աշխատանքների արդյունքներին:
Լևոն Օհանեսյան («Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն) - Մեր մանդատն է ուղեկցել ներդրողներին բոլոր փուլերով՝ սկսած հող գտնելու վայրից, բյուրոկրատական քաշքշուկներից ենք ազատում, ինչպես նաև ներկայացնում ենք ՀՀ Կառավարության կողմից արտոնություններ ներդրողների համար: Մեր հիմնադրամում այս պահին ակտիվ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք մոտ 160 ներդրումային ծրագրերով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,4 -3,2 մլրդ ԱՄՆ դոլար, ինչպես նաև արդեն ունենք մեկնարկած 2 ծրագիր, որոնց ընդհանուր գումարը կազմում է շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար:
Համաժողովին ներկա գործարարները և պետական կառույցների ներկայացուցիչներն ընդգծեցին արտադրության տարբեր ոլորտներում կոոպերացիաների զարգացման, ԵԱՏՄ մեխանիզմների ակտիվ գործարկման, գործարար շրջանակների միջև սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը, այդ թվում՝ միջտարածաշրջանային ձևաչափով, բիզնես առաքելությունների միջոցով:
Նարեկ Տերյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Այսօր մենք տեսնում ենք հետաքրքրվածություն ռուսական ընկերությունների կողմից ներդրումներ անել Հայաստանում, և դա կապված տարբեր ոլորտների հետ՝ ՏՏ, արդյունաբերություն, այսօր արդեն պրակտիկ քայլեր են այդ ընկերություններ անում գրանցվելու և սկսելու իրենց գործունեությունը:
Ռուս գործարարներն առանձնացնում են՝ նոր իրողությունների պայմաններում ռուս ներդրողների համար Հայաստանն ունի մի շարք առավելություններ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ներքին անձնագրերով մուտքի հնարավորությունը, լեզվական խոչընդոտի բացակայությունը, ինչպես նաև օտարերկրյա ներդրողների համար աջակցության միջոցներն ու արտոնությունները: Բացի այդ, իր աշխարհագրական դիրքով Հայաստանը լավ հարթակ է տարբեր երկրների գործարարների հանդիպումների համար և կարող է ապահովել լոգիստիկ ծառայությունների մատուցումը՝ փոխադրումից մինչև ապրանքների մաքսազերծում, պահպանում և պահեստավորում:
Մաքսիմ Չերեշնև (ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Հանրային խորհրդին կից արտաքին տնտեսական հանձնաժողովի նախագահ) - Ներկա իրավիճակը մեր երկրի համար ամենադյուրիններից չէ, բայց այն, կարելի է ասել, Ռուսաստանի և Հայաստանի բիզնես համագործակցության ոսկե շրջանն է՝ հատկապես հիմա, երբ Հայաստանում ներդրումային միջավայրը հրաշալի է: Չկա լեզվի խնդիր, և բիզնես տեսանկյունից ամեն ինչ հեշտ է ու հասկանալի: Շատ ընկերություններ, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտից, Հայաստանում հիմա բացում են իրենց դուստր ընկերությունները՝ արտաքին աշխարհի հետ աշխատելու, պատվերներ ստանալու համար:
Նոր ձևավորվող գործարար խորհրդի գործունեությունն իր ներդրումը կունենա Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում, ինչպես նաև լավ հարթակ կծառայի մեր երկրների գործարարների միջև շփումների ընդլայնման և ներդրումային ակտիվության համար, ընդգծում է դեսպան Հարությունյանը:
Վաղարշակ Հարությունյան (ՌԴ-ում ՀՀ դեսպան) - Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային փոխգործակցության ահռելի ներուժ կա: Դեսպանությունը նախաձեռնել և անցկացնում է «Հայաստանի օրերը Ռուսաստանի մարզերում» ծրագիրը, որը միտված է գոյություն ունեցող համագործակցությունն ամրապնդելուն և նոր բազմաբևեռ ուղիներ գտնելուն: Հայկական կողմը մեծապես կարևորում է նման միջոցառումների անցկացումը, որոնք կծառայեն ինչպես մեր երկրների գործարար շրջանակների միջև նոր շփումների հաստատմանը, այնպես էլ առևտրատնտեսական ներուժի մեծացմանը և համագործակցության նոր հեռանկարների բացահայտմանը:
Ռուսական կողմն ընդգծում է՝ գյուղատնտեսական արտադրանքի, այլ ապրանքների և ծառայությունների հայկական արտադրողները տարեցտարի ավելացնում են Ռուսաստան արտահանումը՝ ընդլայնելով սպառման շուկաները և մատակարարումների շրջանակը:
Նոննա Կագրամանյան («Դելովայա Ռոսիա» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահ, գործադիր կոմիտեի ղեկավար) - Հայ-ռուսական համագործակցությունը մեծ տեմպերով աճում է՝ երկկողմը՝ 90, ԵԱՏՄ շրջանակներում՝ ավելի քան 80 տոկոսով: Կարծում եմ՝ մեր փոխգործակցության պատմության մեջ այսպիսի աճ չի գրանցվել, բայց, այնուամենայնիվ, կան կոնկրետ հարցեր, որոնց ուղղությամբ պետք է աշխատել: Հայաստանում ներդրումային հնարավորությունները շատ մեծ են, ռուսական ընկերությունների շրջանում էլ հետաքրքրվածություն կա:
2022 թվականի արդյունքներով Հայաստանի և Ռուսաստանի առևտրաշրջանառությունն աճել է 91.7%-ով ՝ հասնելով 5 մլրդ ԱՄՆ դոլարի։ Երկու երկրի միջև ապրանքաշրջանառությունը միայն 2023 թվականի հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,4 անգամ՝ հասնելով 543 միլիոն դոլարի։