ԻԻՀ-ՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԲԱՑՈՒՄԸ
Իրանի խորհրդարանի 210 պատգամավոր համատեղ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Նրանք դիմել են Իրանի ԱԳՆ-ին, կոչ արել դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ:
Թել Ավիվում դեսպանատան բացումն իրանցի պատգամավորներն անվանել են «իսլամական աշխարհի շահերին հակասող» քայլ և իսլամական ու արաբական աշխարհին կոչ արել դատապարտել Բաքվին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարության այս գործելաոճը բազմաթիվ բացասական քաղաքական հետևանքներ կունենա:
ՌԴ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐ ՃԳՆԱԺԱՄ Է ԱՊՐՈՒՄ. ՊՈՒՏԻՆ
Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանում օտարերկրյա 17 դեսպանների հավատարմագրերը:
Դիմելով դիվանագետներին՝ Կրեմլի ղեկավարը նշել է՝ Մոսկվան բաց է բոլոր երկրների հետ կառուցողական գործընկերության համար՝ առանց բացառության, և չի պատրաստվում մեկուսանալ։
«Թշնամական մտադրություններ որևէ մեկի նկատմամբ չունենք», - հավատացրել է Պուտինը:
Նա նաև դիմել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին.
Վլադիմիր Պուտին ՌԴ նախագահ - Ցավոք սրտի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, որոնցից ուղղակիորեն կախված է համաշխարհային անվտանգությունը, խոր ճգնաժամ են ապրում։ Պատճառը ժամանակակից աշխարհակարգի ձևավորման մասով տարբեր մոտեցումներն են։ Հարգելի՛ տիկին դեսպան, գուցե չընդունեք իմ կարծիքը, բայց չեմ կարող չասել, որ գունավոր հեղափոխություններին աջակցելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց ուկրաինական ճգնաժամին և ռուս-ամերիկյան հարաբերությունների դեգրադացիային։
Վլադիմիր Պուտինը հավելել է՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում Մոսկվան առաջ է շարժվելու միմյանց ինքնիշխանության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆ
Ուկրաինայի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Լեհաստան: Վոլոդիմիր Զելենսկիին և նրա տիկնոջը Վարշավայում դիմավորել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Այցի օրակարգի ամենակարևոր հարցը Ուկրաինային արևմտյան ռազմական մատակարարումներն են: Դուդան նշել է, որ Լեհաստանն արդեն չորս ՄիԳ-29 ինքնաթիռ է տրամադրել Ուկրաինային, ևս չորսը կփոխանցվեն առաջիկայում:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Զելենսկին տեղեկացրել է, որ լեհ պաշտոնակցի հետ պայմանավորվել են շարունակել ռազմական գործակցությունը:
«Մեր ժողովուրդների միջև ապագայում սահմաններ չեն լինի՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական և ո՛չ էլ պատմական։ Բայց դրա համար դեռ պետք է հաղթել», - հավելել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է առաջնագծում զարգացումներին, նշել՝ Բախմուտում այժմ ամենաբարդ իրավիճակն է:
«Քաղաքում ամեն օր իրավիճակ է փոխվում, կիրառվում են տարբեր զինատեսակներ, հրետանի, երբեմն սպառազինության պակաս է զգացվում։ Ամենակարևորը զինվորականների կյանքն է։ Եթե նրանց կորցնելու վտանգ լինի, իհարկե, ճիշտ որոշումներ կկայացվեն»,- ասել է Զելենսկին։
ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ
Ֆրանսիայի նախագահն էլ Պեկինում է: Էմանուել Մակրոնի այցը Չինաստան կտևի մինչև ապրիլի 7-ը: Նախատեսված են նրա հանդիպումները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Ազգային Ժողովրդական Կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեցզիի հետ։ Սա վերջին երեքուկես տարվա ընթացքում Ֆրանսիայի ղեկավարի առաջին այցն է Չինաստան: Ելիսեյան պալատի տվյալով՝ պաշտոնական հանդիպումների օրակարգում են ուկրաինական հակամարտությունը և Ֆրանսիա-Չինաստան հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում։ Մակրոնը նաև մտադիր է Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներում ընդգծել Ռուսաստանին «ռազմական աջակցությունից զերծ մնալու» կարևորությունը։
Մակրոնի հետ Չինաստանում է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ՉԺՀ-Ն ՉԻ ԱՋԱԿՑՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆԸ. ՖՈՒ ՑՈՆ
Եվրամիությունում Չինաստանի դեսպան Ֆու Ցոնը հայտարարել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև «անսահման բարեկամության» կոնցեպտը հռետորական հնարք է։ New York Times-ը գրում է, որ նման հայտարարությամբ դեսպանը հանդես է եկել Էմանուել Մակրոնի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Չինաստան այցին ընդառաջ:
Նա նաև նշել է, որ Չինաստանը չի աջակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին, Ղրիմը, ինչպես նաև Խերսոնը, Զապորոժիեն, Դոնեցկն ու Լուգանսկը Ռուսաստանի մաս չի ճանաչում և ռազմական աջակցություն չի տրամադրում Մոսկվային։
«Չինաստանը չի դատապարտել պատերազմը, քանի որ կարծում է, որ դրա իրական պատճառներն ավելի գլոբալ են, քան ասում են արևմտյան առաջնորդները», - նշել է դեսպանը:
Իսկ այն փաստը, որ Սի Ծինփինը դեռ չի զրուցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ, չի նշանակում, որ Պեկինը Մոսկվայի կողմից է, ուղղակի նախագահը դեռ ժամանակ չի գտնում, հավելել է Ֆու Ցոնը:
ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԱԼ-ԱՔՍԱ ՄԶԿԻԹ
Իսրայելի հատուկջոկատայինները ներխուժել են մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկը համարվող Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթ և հարձակվել այնտեղ գտնվող պաղեստինցիների վրա։ Շուրջ 100 պաղեստինցի վիրավորվել է, ավելի քան 400 մարդ բերման է ենթարկվել։ Նշվում է, որ ոստիկանները թույլ չեն տվել բժիշկներին տեղում օգնություն տրամադրել տուժածներին:
Իսրայելական կողմի տվյալով՝ ոստիկանները փորձել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված դիմակավոր երիտասարդներից, որոնք մուտք էին գործել մզկիթ, վանկարկում էին հակաիսրայելական կարգախոսներ և բռնության կոչեր։
Թուրքիան, Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը դատապարտել են իսրայելցի իրավապահների գործողությունները և պահանջել չթիրախավորել սրբավայրերը: