Արցախի 27 քաղաքացի, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ երեկ ժամը 15:30-ի սահմաններում Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ: Հակառակ ռուսական կողմի հետ պայմանավորվածությանը՝ ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստները» Շուշիի հատվածում արգելափակել են մեքենաների ճանապարհը։
Արմինե Աբրահամյան (Ստեփանակերտի բնակիչ) - Ավտոները կանգնեցրին, ռուս խաղաղապահը մտավ ավտոների մեջ՝ մեզ մոտ, ու ասեց` չվախենաք, ոչ մի բան չկա, ստուգում են, մի 15-20 րոպե տևելու է այդ ստուգումը, հանգիստ նստեք, կարգն այպիսին է, մենք նստեցինք: Մի կես ժամ անց ինքը նորից մտավ, ասեց՝ չհուզվեք, չլարվեք, ադրբեջանցի է մտնելու, ուղղակի նայի: Մի տղա մտավ` մի տեսակ ժպիտ ցույց տալով, նայեց ամեն ինչ, բոլորին ուսումնասիրեց, նայեց անձնագրերը, հետո մի քիչ խոսեց ժողովրդի հետ ռուսերեն, թե ամեն ինչ լավ է լինելու, մի քանի րոպեից դուք տուն կգնաք:
Շուշիի խաչմերուկում Արցախի քաղաքացիները ռուսական մեքենաներում ստիպված էին մնալ մոտ 5 ժամ։ Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը, այդ թվում` Արմինե Աբրահամյանը, ուշաթափվել են:
Արմինե Աբրահամյան - Ճնշման պատճառով ասեցին՝ միկրոինֆարկտ, այդպես ասացին, որ պիտի տանեն հիվանդանոց` Շուշի, որ կարդիոգրամմա հանեն, ես միանգամից ինձ հավաքեցի, ասեցի՝ ոչ, Արմինե, բռնեցի էս կնոջ թևից, ասեցի՝ մե՞զ եք ուզում Շուշի տանել, ասաց՝ հա, ձեզ կօգնենք, ամեն ինչ լավ կլինի, ձեզ կբուժենք, մի վախեցեք, մենք քույր-եղբայր ենք, առաջվա պես, ամեն ինչ լավ կլինի: Երբ ասաց՝ մենք ձեզ Շուշի կտեղափոխենք, ես միանգամից հիստերիայի մեջ մտա, այսպես բռնեցի ու ասացի՝ ոչ մի Շուշի ես չեմ գա, կամ Գորիս կամ Ստեփանակերտ:
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ շտապօգնության մեքենան ինքնազգացողությունը վատացած 4 քաղաքացիներին տեղափոխել է Ստեփանակերտ: Մյուսներին խաղաղապահներն ուղեկցել են Գորիս:
«Միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը»,- հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՊԱՌՆԱԼԻՑ ԲՆՈՒՅԹ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ. ԱԳՆ
Արցախի ԱԳՆ. «Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում: Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին: Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ-ի անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար»։
ԱՐՑԱԽԻՑ ՀՀ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԿՆԵԼ ԽԻՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Արցախի պետնախարարն արձագանքել է Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությանը, թե ռուս խաղաղապահները տարհանում են Արցախի բնակիչներին: Ներսիսյանն ընդգծել է, որ մեծ թվով արցախցիների Հայաստան տեղափոխելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Գուրգեն Ներսիսյանը շեշտել է, որ հաշվի առնելով արգելափակված Արցախի բնակիչների կյանքում անընդհատ ծագող խնդիրները և լարվածության աճը` վերջին օրերին Ռուսաստանի խաղաղապահները որոշակի պարբերականությամբ սկսել են Արցախից Հայաստան տեղափոխել նաև այն քաղաքացիներին, որոնց հարազատը Հայաստանում մահացել է կամ ծանր հիվանդ է:
Գուրգեն Ներսիսյան (Արցախի պետնախարար) - Գործընթացը վերահսկողության տակ պահելու և ճանապարհի արգելափակված հատվածում մեր քաղաքացիներին հնարավոր ադրբեջանական սադրանքներից պաշտպանելու նպատակով Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում, բնականաբար, խաղաղապահների միջոցով՝ բացառապես ռուսական խաղաղապահ զորախմբի հետ գործակցության ապահովման կենտրոնին նախապես դիմելու և կենտրոնի թույլտվությամբ:
Առողջական խնդիր և բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը Հայաստան կկազմակերպվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան ներկայացուցչության միջոցով, Արցախի առողջապահության նախարարության ցուցմամբ: