Մշակութային ենթակառուցվածքների բարելավում, համերգաշարերի կազմակերպում, երաժշտական գործիքների ձեռքբերում. ընդլայնվել են հատկացումները մշակույթի ոլորտում: 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրում երկու հիմնական բաղադրիչ է առանձնացվել. դրանք ուղղված են մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանն ու միջազգային գործակցության ընդլայնմանը:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - 2024 թ. ունենք երկու նշանավոր իրադարձություն. գիտեք հավանաբար, որ Վրաստանի մեր գործընկերների հետ և Ֆրանսիայի մեր գործընկերների հետ համատեղ հայտ ենք ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ Ազնավուր և Փարաջանով 100-ամյակներ: Սեպտեմբերին՝ աշնանը, արդեն կիմանանք վերջնական արդյունքները, բայց, անկախ ամեն ինչից, այս երկու անունները պետք է ըստ արժանվույն նշանավորվեն:
Ծրագրում ներառված են նաև մշակութային ենթակառուցվածքների՝ համերգային և թատերական հաստատությունների բարելավմանն ուղղված ծրագրեր: Այն հաստատություններում, որտեղ արդեն բարեկարգվել է գույքը, ու արդիականացվել տեխնիկական համակարգը, նկատվել է հանդիսատեսի այցելությունների աճ:
Հայաստանում երաժշտական գործիքների խնդիր ունեն ոչ միայն, օրինակ՝ Ֆիլհարմոնիկն ու Կամերայինը, այլև երաժշտական ու արվեստի դպրոցներն ու ուսումնարանները: Փոխնախարարի խոսքով՝ այստեղ լարային, փողային որակյալ գործիքների պակասը զգալի է:
Արա Խզմալյան - Մինչև մենք չունենանք բարձրակարգ երաժշտական դպրոց, մենք շատ մեծ դժվարությամբ կարող ենք խոսել բարձրակարգ Կոնսերվատորիա ունենալու մասին, որովհետև Կոնսերվատորիա պետք է մուտք գործեն առավելագույն պատրաստված երիտասարդներ, պատանիներ, և Կոնսերվատորիան արդեն պետք է ամփոփի կրթությունը շատ ավելի բարձր բովանդակությամբ, շատ ավելի խոր իմացություններով, քան շատ հաճախ ստիպված է լինում անել Կոնսերվատորիան այսօր:
Երաժշտության ոլորտում ևս կրթության որակը բարելավելու նպատակով պատասխանատուները կարևոր են համարում ուսուցիչների կամավոր ատեստավորումը:
Արա Խզմալյան - Ես տեղյակ եմ, որ որոշ ուսուցիչներ էսպես անհանգստություն ունեն այն ցանկից գրականության, որ հրապարակվել է, բայց ուզում եմ հորդորել, որ ակտիվ մասնակցություն լինի, գրանցվեն, պետք է փորձել ամեն դեպքում, պետք է ձեռք բերել այդ հմտությունը:
Այս անգամ երաժշտական և արվեստի դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է. փոխնախարարը վստահեցնում է՝ գործընթացը շարունակական է լինելու:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան