Մանկապարտեզում աշխատող մանկավարժներն այսուհետև հնարավորություն ունեն տարակարգ ստանալ և այդպիսով ձեռք բերել նաև աշխատավարձի հավելավճարի իրավունք: Տարակարգի համար կարող են դիմել այն անձինք, որ արդեն մասնակցել են նախորդ տարվանից պարտադիր դարձած վերապատրաստումներին: Տարակարգի երեք աստիճանների համար սահմանված է ընդհանուր 9 բնութագրիչ :
Թեհմինե Կարախանյան (ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ) - Նախ գործնական աշխատանքը. ինչ է անում մանկավարժը, իր որ աշխատանքով է տարբերվում իր կոլեգաներից, ովքեր թվում է, թե նույն աշխատանքը անում են. օրինակ` ընտանիքի հետ համագործակցությունը՝ ինչպես է դա նրան տրվում, ինչպես է պլանավորում իր պարապմունքները, պարապմունքները իրականացնելու ժամանակ որ մեթոդիկաներին է ավելի ուշադիր, որքանով է պարապմունքի ընթացքում ապահովում ներառականությունը և մասնակցությունը:
Բնութագրիչներից է նաև, թե մանկավարժական աշխատողը արդյոք նաև վերապատրաստող է, մշակել է որևէ ուսումնամեթոդական ձեռնարկ:
Իրինա Պոնոմարենկո (Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, Երևանի թիվ 6 մսուր-մանկապարտեզի մեթոդիստ) - Այն իրականում շատ մոտիվացնող է, շատ սպասված է, և վերջապես հրաշալի հնարավորություն է, որպեսզի մանկավարժները կարողանան ցույց տալ իրենց կատարած աշխատանքը, իրենց զգան կարևորված, արժևորված:
Տարակարգի 1-ին աստիճանը ստանալու համար պետք է համապատասխանել 9 բնութագրիչներից առնվազն երեքին, երկրորդի համար՝ 5-ին, երրորդի համար՝ 7-9-ին, որոնցից էլ կախված կլինեն տարակարգի աստիճանն ու հավելավճարի չափը:
Արևիկ Նիկողոսյան (Չարենցավանի «Հրաշք» մսուր-մանկապարտեզի դաստիարակ) - Ես ինքս ուզում եմ, շահագրգիռ եմ, որ մասնակցեմ. չորս բնութագրիչի համապատասխանում եմ: Մեր մանկապարտեզում էլ կփաստեն բոլոր դաստիարակները, որ բոլորի մոտ էլ ուրախություն է իսկապես առաջացրել, որ նման մոտիվացնող հնարավորություն է ընձեռված մանկավարժական աշխատողներին, որ մի փոքր ավելի ինքնաիրացվեն, ինքնակրթությամբ զբաղվեն և էլ ավելի կատարելագործեն իրենց:
Մանկապարտեզները համայնքային ենթակայությամբ են, աշխատավարձերն էլ՝ տարբեր: Միջինը՝ 70-100 հազար դրամի սահմաններում.
«Հավելավճարը կհաշվարկվի հանրապետությունում նվազագույն աշխատավարձի նկատմամբ (75 հազար դրամ): Առաջին աստիճանի տարակարգի դեպքում՝ 30 տոկոս, երկրորդի դեպքում` 40, և երրորդի դեպքում՝ 50 տոկոս»:
Հավելավճարի իրավունքը կպահպանվի 5 տարի, մինչև հերթական պարտադիր վերապատրաստման ժամկետը՝ նոր տարակարգի հնարավորությամբ: Բայց այդ ընթացքում կարելի է կրկին դիմել՝ ավելի բարձր տարակարգ ստանալու համար:
Համայնքային մանկապարտեզներում կա մոտ 7500 մանկավարժական աշխատող: Նախորդ տարի վերապատրաստումը վերաբերել է 1041-ին: Ենթադրվում է, որ տարակարգի համար կդիմի նրանց գոնե 20-30 տոկոսը:
Հայտերն ընդունվում են մարտի 9-ից: Դեռ դիմումներ չկան: Նախարարությունում կարծում են՝ դա կապված է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մեծության հետ: Այս ընթացքում օրական տասնյակ զանգեր ու էլեկտրոնային հարցումներ են ստանում հետաքրքրվողներից: Ի դեպ, տարակարգի համար դիմելու ժամկետը սահմանափակ չէ: Գործընթացը շարունակական է, և հանձնաժողովը նիստ կգումարի ու դիմումները կքննարկի յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ անգամ:
Հեղինակ` Աննա Զախարյան