Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն:
Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:
Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.
«Համոզված եմ, որ Ձեր նշանակումը մեծ նշանակություն կունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք իրոք բարեկամական երկրներ ենք, և աշխարհագրական հեռավորությունը չի խանգարում մեր բարեկամությունը շարունակելուն: Կուբան հանրահայտ երկիր է աշխարհում, նաև յուրահատուկ երկիր է և 1959 թվականից հետո ավելի հանրահռչակ է դարձել: Մենք համոզված ենք, որ այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք այդ տարիների ընթացքում և որոնք ունեք, շարունակական են լինելու: Ձեր նշանակմամբ նաև մենք ավելի կակտիվացնենք մեր համատեղ անելիքները»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար՝ նորանշանակ դեսպանը նշել է.
«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընդունելության և ջերմագին խոսքերի համար: Չնայած նրան, որ մեր երկրները փոքր երկրներ են, մենք կարողացել ենք պահպանել մեր բարեկամական հարաբերությունները բավական երկար տարիներ և չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդները բավական նմանություններ ունեն հատկապես իրենց սրտամոտ լինելու առումով»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կուբայի համագործակցության համար հնարավորությունները՝ մասնավորապես առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում:
Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի համագործակցությունը և շեշտվել երկկողմ հարաբերությունների սերտացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը: