ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-ին հանդիպել է Մեքսիկայի Սենատի անդամներ Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումին և Ինդիրա Կեմպիս Մարտինեսին:
ԱԺ փոխնախագահի համոզմամբ Հայաստանը շահագրգռված է ակտիվացնելու և խորացնելու համագործակցությունը Մեքսիկայի հետ ու ողջունում է բարեկամական խմբերի սերտ աշխատանքը:
Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկական Միացյալ Նահանգների Սենատի անդամներին 2023 թվականի փետրվարի 8-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող փաստաթուղթը նախաձեռնելու և ընդունելու համար: Նրա խոսքով Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց հետագա կանխարգելման համար:
Խորհրդարանի փոխնախագահը հավելել է, որ գնահատելի է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի ընթացքում Մեքսիկա-Հայաստան բարեկամության խմբի հայտարարությունը: Նա հույս է հայտնել, որ Մեքսիկան ավելի հասցեական գնահատականի կարժանացնի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները:
Հակոբ Արշակյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին, նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում այս հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Մեքսիկայի ներկայացուցչի ելույթը: ԱԺ փոխնախագահի խոսքով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումը կանխելու համար կարևոր է խնդրին միջազգային հանրության շարունակական ուշադրությունը և առարկայական գործողությունները:
Մեքսիկացի սենատորները կարևորել են խորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը և նշել, որ այդ ուղղությամբ շարունակական քայլեր են իրականացվում: Նրանք համոզմունք են հայտնել, որ պայքարում են նման հանցագործություններն ամբողջ աշխարհում բացառելու համար: Ալեխանդրա դել Կարմեն Լեոն Գաստելումը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու հարցում թուրքական կողմից մեծ ճնշումներ են եղել: Ըստ նրա՝ խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, և իրենք հարցը ներկայացրել են Սենատ:
ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանը հավելել է, որ այսօր ևս հայ ժողովուրդը ցեղասպանության խնդրի առջև է կանգնած. Ադրբեջանը փորձում է ցեղասպանության ենթարկել իր պատմական հայրենիքում ինքնորոշված Արցախի ժողովրդին: «Մենք դարձյալ Մեքսիկայի մեր բարեկամների օգնության կարիքն ունենք, որ ճնշում գործադրեն Ադրբեջանի հանցագործ ռեժիմի վրա, որ վերադառնա Արցախի կարգավիճակի շուրջ քաղաքական բանակցություններին և հրաժարվի իր ցեղասպան մտադրություններից»,- եզրափակել է Արթուր Խաչատրյանը:
Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Ղազարյանը և Ալխաս Ղազարյանը ևս կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգերի առաջմղումը:
Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը հյուրերին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալներ:
Հանդիպմանը մասնակցել են եղել նաև Մեքսիկայի Միչոական նահանգում ՀՀ պատվավոր հյուպատոս Հակոբ Սահակյանը և ՀՀ-ում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոստանդյանը: