Հակակոռուպցիոն կոմիտեում կարգապահական վարույթների իրականացման առավել համապարփակ կարգավորումներ նախատեսելու նպատակով Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում նշել է, որ գործող օրենքում սահմանված չէ կարգապահական վարույթների իրականացման հստակ կարգը, վարույթն իրականացնող մարմնի վերաբերյալ չկան կարգավորումներ, սահմանված չեն վարույթի իրականացման ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի իրավունքները:
Քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է կոմիտեում ձևավորել կարգապահական հանձնաժողով, որը բաղկացած կլինի 8 անդամից: Առաջարկվում է ապահովել կարգապահական հանձնաժողովի ներառական կազմը, որում կընդգրկվեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը` նախագահի ընտրությամբ, վիճակահանությամբ ընտրվող մեկ քննիչ, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման մեկ ծառայող, գլխավոր դատախազության կողմից ներկայացված մեկ դատախազ, ՄԻՊ-ի կողմից ներկայացված մեկ իրավաբան գիտնական և վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչ:
Փոխնախարարը նշել է, որ հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով: Հանձնաժողովի առաջին կազմի անդամների համար պաշտոնավարման ժամկետների տեսանկյունից նախատեսվել են առանձնահատուկ կարգավորումներ: Մասնավորապես, սահմանվել է, որ հանձնաժողովի առաջին կազմի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մեկ` ՄԻՊ-ի կողմից ներկայացված տեղակալը պետք է լինի իրավաբան գիտնական: Ամրագրվել է, որ վարչապետի առաջարկությամբ ներկայացված հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության մշակումն իրականացնող մարմնի երկու ներկայացուցիչները պաշտոնավարելու են 2 տարի ժամկետով, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակահանությամբ ընտրվող քննիչը, օպերատիվ հետախուզական ստորաբաժանման ծառայողը, ինչպես նաև գլխավոր դատախազի ներկայացրած դատախազը` 1 տարի ժամկետով: Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը 1 տարի է:
Արմենուհի Հարությունյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը գործելու է հասարակական հիմունքներով: Փոխնախագահի խոսքով նախագծով հստակեցվել է կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու ընթացակարգը: Կոմիտեի ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությունն իրականացվելու է երկու փուլով. նախնական ուսումնասիրություն և բուն կարգապահական վարույթ: Վերջինիս իրականացման համար առաջարկվել է սահմանել հստակ ժամկետ` 1 ամիս: Սահմանվել են նաև կոմիտեի ծառայողների իրավունքների ապահովման երաշխիքներ: Նախատեսվել են շահերի բախման կարգավորումներ` հնարավոր դեպքերը կանխելու և բացառելու համար: Ամրագրվել են հանգամանքներ, որոնց առկայության դեպքում հանձնաժողովի անդամներին կարգելվի մասնակցել հանձնաժողովի գործունեությանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ ապահովվում են Հակակոռուպցիոն կոմիտեում կարգավարական վարույթների իրականացման առավել համապարփակ, գործուն, արդյունավետ իրավակարգավորումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծին:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի, ինչպես նաև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ու կից օրենսդրական փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: