ԻԻՀ-ՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԲԱՑՈՒՄԸ
Իրանի խորհրդարանի 210 պատգամավոր համատեղ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը։ Նրանք դիմել են Իրանի ԱԳՆ-ին, կոչ արել դիվանագիտական միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ:
Թել Ավիվում դեսպանատան բացումն իրանցի պատգամավորներն անվանել են «իսլամական աշխարհի շահերին հակասող» քայլ և իսլամական ու արաբական աշխարհին կոչ արել դատապարտել Բաքվին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանի կառավարության այս գործելաոճը բազմաթիվ բացասական քաղաքական հետևանքներ կունենա:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին դատապարտել էր Ադրբեջանի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու մասին Իսրայելի արտգործնախարարի հայտարարությունը: Մարտի 29-ին Թել Ավիվում Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների հանդիպման ընթացքում իսրայելցի դիվանագետը նշել էր, թե Իրանն ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի ու Իսրայելի համար և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում: Իրանը և Ադրբեջանը նաև նաև փոխանակվել են բողոքի նոտաներով:
ՄԱԿ-Ի ԱԽ-Ն ՊԵՏՔ Է ԱՐՄԱՏԱՊԵՍ ԲԱՐԵՓՈԽՎԻ. ԷՐԴՈՂԱՆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է արմատապես բարեփոխվի՝ կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահը։ «Անվտանգության խորհուրդը համապարփակ փոփոխությունների կարիք ունի, քանի որ այն ի վիճակի չէ որոշել մարդկության ճակատագիրը»,- ասել է Ռեջեփ Էրդողանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ աշխարհը չի սահմանափակվում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներով՝ Ռուսաստանով, ԱՄՆ-ով, Չինաստանով, Մեծ Բրիտանիայով և Ֆրանսիայով, որոնք ունեն վետոյի իրավունք և ցանկության դեպքում կարող են արգելափակել ցանկացած հարցի հետ կապված որոշում։
Էրդողանն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը: «Դրան կարող են նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ կանոնավոր շփումները։ Մենք խոսում ենք գրեթե ամեն շաբաթ, հավատում ենք ճգնաժամի արդարացի կարգավորմանը»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆ
Ֆրանսիայի նախագահը մեկնել է Պեկին: Էմանուել Մակրոնի այցը Չինաստան կտևի մինչև ապրիլի 7-ը: Նախատեսված են նրա հանդիպումները Չինաստանի նախագահ Սի Ծինփինի, վարչապետ Լի Ցյանի և Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Չժաո Լեցզիի հետ։ Սա վերջին երեքուկես տարվա ընթացքում Ֆրանսիայի ղեկավարի առաջին այցն է Չինաստան: Ելիսեյան պալատի տվյալով՝ պաշտոնական հանդիպումների օրակարգում են ուկրաինական հակամարտությունը և Ֆրանսիա-Չինաստան հարաբերությունների զարգացումը, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում։ Մակրոնը նաև մտադիր է Չինաստանի ղեկավարության հետ հանդիպումներում ընդգծել Ռուսաստանին «ռազմական աջակցությունից զերծ մնալու» կարևորությունը։
Պեկին ժամանելուն պես տեղի ֆրանսիական համայնքի հետ հանդիպմանը Մակրոնը հայտարարել է, որ Չինաստանը կարող է կարևոր դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում՝ հաշվի առնելով այդ երկրի հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Մակրոնի հետ Չինաստանում է նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
ՌԴ-Ն ԵՎ ՉԺՀ-Ն ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԵՆ ՄԵՐՁԵՆՈՒՄ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Ռուսաստանը և Չինաստանը ավելի ու ավելի են մերձենում, դա մեզ ստիպում է սերտացնել և ամրապնդել շփումները տարբեր երկրների հետ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հետ հանդիպման շրջանակում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշին էլ նշել է, որ Եվրոպայի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունն այլևս չի կարող առանձին քննարկվել:
«Աշխարհում անվտանգային բարդ իրավիճակը դաշնակիցներից պահանջում է ակտիվացնել գործակցությունը: ՆԱՏՕ-ի անդամները կիսում են այս գաղափարը: Մեր հարաբերությունները զգալիորեն խորացել են 2022 թվականի ընթացքում»,- ընդգծել է Յոշիմասա Հայաշին:
ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՏՈՒԿՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐԸ ՆԵՐԽՈՒԺԵԼ ԵՆ ԱԼ ԱՔՍԱ ՄԶԿԻԹ
Լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի հատուկջոկատայինները ներխուժել են մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկը համարվող Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթ և հարձակվել այնտեղ գտնվող պաղեստինցիների վրա։ Շուրջ 100 պաղեստինցի վիրավորվել է, ավելի քան 400 մարդ բերման է ենթարկվել։ Նշվում է, որ ոստիկանները թույլ չեն տվել բժիշկներին տեղում օգնություն տրամադրել տուժածներին:
Իսրայելական կողմի տվյալով՝ ոստիկանները փորձել են պաշտպանել հավատացյալներին մի շարք զինված դիմակավոր երիտասարդներից, որոնք մուտք էին գործել մզկիթ, որտեղ վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ և բռնության կոչեր։
Իրանը, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը դատապարտել են իսրայելցի իրավապահների գործողությունները և պահանջել չթիրախավորել սրբավայրերը: