Նյու Յորքում ապրիլի 4-ին կայացած դատական նիստի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2 ժամ 20 րոպե ֆորմալ ձերբակալված է եղել: Դա նման գործերում օրենքով նախատեսված սովորական ընթացակարգ է: Թրամփին, սակայն, ազատել են այլ լրացուցիչ ընթացակարգերից՝ ձեռնաշղթա չեն հագցրել, գործի նյութերի համար չեն լուսանկարել։ Նիստից հետո ԱՄՆ նախկին նախագահն ազատ է արձակվել:
Թրամփը մեղադրվում է Trump Organization ընկերության ֆինանսական փաստաթղթերը կեղծելու համար: Ըստ մեղադրող կողմի՝ Թրամփը և իր հանցակիցները 2015 թվականին մշակել են հանցավոր սխեմա, որի շրջանակում լռության դիմաց կաշառել են երկու կանանց, որոնք սեռական հարաբերություններ են ունեցել Թրամփի, ինչպես նաև նախկին դռնապանի հետ, որը տեղյակ է եղել Թրամփի արտամուսնական որդու մասին։ Դատախազությունը պնդում է, որ այդ կերպ Դոնալդ Թրամփը փորձել է ամերիկացի ընտրողներից թաքցնել իր անօրինական գործողությունները:
Նշվում է, որ վճարումն ինքին անօրինական չէ, սակայն ԱՄՆ նախկին նախագահն ու նրա փաստաբանը գործարքները գրանցել են որպես իրավաբանական ծառայություն, ինչը խարդախություն է համարվում և քրեորեն պատժելի է: Դեռ 2018 թվականին Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն Թրամփին պաշտոնապես մեղադրանք չէր առաջադրվել։
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման 34 դրվագով: Յուրաքանչյուրը ենթադրում է առավելագույնը չորս տարվա ազատազրկում։
Նախկին նախագահն իրեն ներկայացվող մեղադրանքները չի ընդունում: Դատավարությունից հետո նա մեկնել է Ֆլորիդայի իր առանձնատուն և հանդես եկել ելույթով:
Դոնալդ Թրամփ (ԱՄՆ նախկին նախագահ) - Սա դատավարություն չէ, սա հետապնդում է։ Ռասիստ դեմոկրատ դատախազն ամեն ինչ անում է, որ ինձ մեղադրանք ներկայացվի: Արմատական ձախ խելագարները ցանկանում են միջամտել 2024 թվականի ընտրություններին: Մենք չենք կարող դա թույլ տալ: Երբեք չէի մտածի, որ Ամերիկայում կարող է նման բան լինել: Կատարածս միակ հանցագործությունն այն է, որ խիզախորեն պաշտպանել եմ մեր ազգը նրանցից, ովքեր ցանկանում են ոչնչացնել այն:
Նա հավելել է, որ դատախազն ու մեղադրող կողմն առաջարկել են վեճը լուծել արտադատական կարգով, սակայն նա մերժել է առաջարկը: Թրամփի փաստաբան Թոդ Բլանշը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահի դեմ դատական գործընթացները քաղաքական բնույթ են կրում, իսկ մեղադրանքները չեն հաստատվում փաստերով։
Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգը, որին Թրամփը մեղադրում է կողմնակալության համար, դատական նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է՝ վերադարձել է Թրամփի գործին, քանի որ նոր ապացույցներ են ի հայտ եկել, և կան վկաներ։
Էլվին Բրեգ (Մանհեթենի շրջանային դատախազ) - Իմ գրասենյակն ավելի շատ ապացույցներ է հավաքել Թրամփի գործարքների մասին, քան նախկին դատախազի գրասենյակը, դա մեզ թույլ է տալիս վերաբացել գործը: Հայտնի է, որ Դոնալդ Թրամփը Սթորմի Դենիելսից բացի վճարել է ևս երկու մարդու, որոնք պնդել են, թե վարկաբեկող տեղեկություններ ունեն պարոն Թրամփի մասին: Մենք պետք է ապահովենք, որ բոլորը հավասար լինեն օրենքի առաջ: Ոչ մի գումար և ուժ չեն փոխի ամերիկյան այս սկզբունքը:
Թրամփի գործով ըստ էության քննությունն ակնկալվում է 2024 թվականի հունվարին։ Նշենք, որ Թրամփը համարվում է 2024 թվականի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու գլխավոր հավակնորդը: ԱՄՆ Սահմանադրության համաձայն՝ մեղադրանքի առաջադրումը չի խանգարում ընտրություններին մասնակցությանը։
Ջո Բայդենը դեռ չի արձագանքել Թրամփի գործով զարգացումներին: Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռի խոսքով՝ երկրի իշխանությունները պատրաստ են երկրում հնարավոր անկարգություններին։