Իսրայելում Թուրքիայի դեսպանը բողոքել է Հայֆայում հրապարակներից մեկը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին անվանակոչելու դեմ: Իսրայելի հյուսիսային քաղաքը, որտեղ ապրում են բազմաթիվ էթնիկ հայեր, երկրի առաջին համայնքն է, որն այս կերպ ճանաչում է Հայող ցեղասպանությունը: Անվանափոխությունն ուժի մեջ է մտել մարտի 20-ից, գրում է The Times of Israel-ը։
«Նախաձեռնությունը սպառնում է վատթարացնել կապերը, որոնք Իսրայելի և Թուրքիայի ժողովուրդներն ու կառավարությունները ցանկանում են բարելավել»,- գրել է Շաքիր Օզքան Թորունլարը Հայֆայի քաղաքապետ Էյնաթ Կալիշ-Ռոտեմին ուղղված նամակում:
Պարբերականն ակնարկում է, որ մոտենում է ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության տարելիցը, և Թորունլարի բողոքը հիշեցնում է, թե Թուրքիան` որպես մուսուլմանական մեծամասնություն ունեցող պետություն, որքան զգայուն է խնդրի նկատմամբ Իսրայելի հետ առանց այն էլ բարդ հարաբերություններում: Իսկ Իսրայելում Հոլոքոստի պատճառով շատերը ապրումակցում են հայկական փորձությանը:
Թորունլարն իր նամակում քաղաքապետից պահանջել է չեղարկել հրապարակի անվանակոչմամբ Ցեղասպանությունը ոգեկոչելու որոշումը և կրկնել է Թուրքիայի մերժողական դիրքորոշումը՝ նշելով, որ «նման ցեղասպանություն թուրք ազգի պատմության մեջ երբեք չի եղել»։
Իսրայելի մեծությամբ երրորդ քաղաք Հայֆայում բնակվում է երկրի 15000 էթնիկ հայերի գրեթե կեսը, և քաղաքի Բեն Գուրիոնի պողոտայի երկայնքով Հայոց ցեղասպանության հրապարակի բացումը երկրորդ դեպքն է, երբ Իսրայելի տեղական իշխանությունն ընդունում է վայրագությունները: 2020 թվականին Թել Ավիվի մերձակայքում գտնվող Պետահ Տիկվայում բացվեց զոհերի հուշարձանը, որը հետագայում անվանվեց Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու:
Հայֆայում անվանակոչումն ընդգծեց անջրպետը հայկական հիշատակի նկատմամբ Իսրայելի հասարակության մեջ տարածված համակրանքի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ փնտրող իսրայելական կառավարությունների միջև, որոնք չեն ցանկանում պաշտոնապես ճանաչել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերի կողմից հարյուր հազարավոր հայ խաղաղ բնակիչների սպանությունը, գրում է The Times of Israel-ը։
Հայֆայի քաղաքապետարանի գլխավոր խոսնակ Էլիրան Թալն անվանակոչումը համարել է կառավարության համար օրինակ, որին պետք է հետևել: «Մեզ մնում է միայն հուսալ, որ Իսրայելի Պետությունը կճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը, որը խլեց 1,5 միլիոն հայերի կյանքը»,- գրել է նա: Թուրք դիվանագետները, հավելել է նա, «շատ են աշխատել, որպեսզի ճնշում գործադրեն» քաղաքի վրա՝ հրաժարվելու ծրագրից:
Հայֆայի մոտ 6000 քրիստոնյա հայերից բաղկացած համայնքի ղեկավար Երեմ Լափաջյանը հույս է հայտնել, որ Հայֆայի քայլը կարագացնի Ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելում, որը նա Հայաստանից բացի համարում է իր երկրորդ հայրենիքը:
«Անհասկանալի է. Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է այն ժամանակ, երբ Թուրքիան Գերմանիայի դաշնակիցն էր, ծառայեց որպես Հոլոքոստի նախագիծ: Եթե աշխարհը բարձրաձայներ 1915 թվականին, հնարավոր է՝ հրեաների ցեղասպանությունը կանխվեր: Վաղուց ժամանակն է, որ Իսրայելը խոսի»,- ասել է նա։
Պարբերականը նկատել է նաև, որ վերջին տարիներին ճանաչման նոր խոչընդոտ է ի հայտ եկել՝ Իսրայելի կապերի խորացումն Ադրբեջանի հետ, նավթով հարուստ երկիր, որն ամուր կապեր ունի Թուրքիայի հետ և սահմանակից է Իրանին: