Ապրիլի 5-ին մեկնարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Վրաստան:
Այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարը առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում:
Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ նախարար Իրակլի Կարսելաձեն կարևորել է Հայաստանի և Վրաստանի միջև բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացումը և վերահաստատել իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատել Հայաստանի իր գործընկերոջ հետ՝ երկկողմ համագործակցության առավել խորացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Գնել Սանոսյանը ընդգծել է պարբերական հանդիպումների և շփումների կարևորությունը` փոխվստահության առավել ամրապնդման և երկկողմ փոխգործակցության ընդլայնման համար։ Այս համատեքստում նախարար Սանոսյանն անդրադարձել է նաև Վրաստանի մասնակցությանը օրեր առաջ Գյումրիում կայացած ԵԽ անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիայի եռաստիճան դասընթացի երրորդ փուլի բացման արարողությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փորձի փոխանակման ու համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:
Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների միջև տարածաշրջանային և միջպետական փոխկապակցվածության շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը: