Հստակեցվում են տեսչական մարմնի վարչական ակտերին, որոշումներին և կարգադրագրերին ներկայացվող պահանջները: Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում Հրդեհային անվտանգության և հարակից օրենքներում: Տեսչական մարմնի կողմից տրված՝ գործունեություն սահմանափակող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից այն ենթակա է կատարման, անգամ եթե ակտը բողոքարկվում է: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոփոխությունները ներկայացրեց գործադիրի ներկայացուցիչը:
Արմեն Դանիելյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող) - Սահմանվում է, որ տեսչական մարմնի վարչական ակտերը կամովին չկատարելու դեպքում դրանք ենթակա են հարկադիր կատարման: Գործող կարգավորումներով՝ տեսչական մարմնի կողմից շենքերի կամ այլ օբյեկտների մասով տեխնիկական անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնելիս հայտնաբերվում են հետագա շահագործման հետ կապված բարձր ռիսկեր: Այդ պայմաններում տվյալ օբյեկտի շահագործումը կասեցնելու որոշում է կայացվում, սակայն գործնականում այդ որոշումների կատարման ապահովման արդյունավետ մեխանիզմները բացակայում են, և վերահսկողությունը նպատակին չի ծառայում:
Պատգամավորները «Սուրմալու» առևտրի կենտրոնի շահագործման մասին հետաքրքրվեցին. շահագործվող մասում տեսչական մարմինը կանոնավոր հսկողություն է իրականացնում, պատասխանեց Դանիելյանը: Խոսելով տեսչական մարմիններում համալիր, ոչ թե ոլորտային լուծումներ իրականացնելու հնարավորության մասին՝ Արմեն Դանիելյանը նշեց, որ վերանայվում են տեսչական համակարգի արդյունավետությունն ու կատարմանն ուղղված միջոցառումները, հավելեց, վարչական տուգանքներ տալու փոխարեն պետք է գնալ կոնկրետ ռիսկը նվազեցնելուն կամ վերացնելուն ուղղված միջոցառումների ճանապարհով: Ըստ նրա՝ այս պահին նպատակահարմար է ցանկացած դեպքին և ոլորտին բնորոշ մեխանիզմների քննարկումը: Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց աշխատանքային իրավունքների ապահովման մասին՝ նկատելով, որ Հայաստանը Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին է միացել:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Տեսչական մարմինը պետք է ունենա լիազորություն և իրավասություն աշխատանքային հարաբերությունների ոլորտում ապահովել խախտված իրավունքների վարչական պաշտպանության ընթացակագում, բայց բարեփոխումների մի փուլում ուղղակի սա դուրս հանվեց, և միայն աշխատանքի անվտանգության ապահովման որոշակի լիազություններ եղան, բայց մենք տեսնում ենք, որ բազմաթիվ են աշխատանքային ոլորտում իրավունքների խախտումները:
Արմեն Դանիելյան - Դեռևս 2020 թվականից վերականգնվել է տեսչական վերահսկողությունն այդ ուղղությամբ, և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նաև աշխատանքի իրավունքի նկատմամբ է օրենքով սահմանված վերահսկողություն իրականացնում: Հավելեմ՝ իրազեկման մակարդակը բարձրանում, և աշխատողների դիմումների բողոքների ճնշող մեծամասնությունը հենց աշխատանքային իրավունքներին է վերաբերում:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿ
Տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում էլ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի քննարկումն էր: Հիմնական զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ փոփոխություններով առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումներն ու հաշվետվությունները, ինչի արդյունքում, ըստ Տերտերյանի, բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան տեղեկանալ քննարկվող հարցերին, ցանկության դեպքում մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ծանոթանալ հաշվետվություններին:
Քննարկված նախագծերը գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությամբ կքննարկվեն ԱԺ լիագումար նիստում: