ՄԱԿ-ն Աֆղանստանում իր կին աշխատակիցներին խնդրել է չգնալ աշխատանքի առաջիկա երկու օրվա ընթացքում, քանի որ թալիբները հայտարարել են, որ արգելում են աֆղանստանցի կանանց աշխատել ՄԱԿ-ում: Այս կապակցությամբ գրավոր հրաման չի եղել, այն տրվել է բանավոր, և ՄԱԿ-ը որոշել է սպասել հետագա զարգացումներին:
Ներկայիս արգելքը չի տարածվում Աֆղանստանում ՄԱԿ-ի հովանու ներքո աշխատող օտարերկրյա կանանց վրա, սակայն, ըստ կազմակերպության ղեկավարության, այն զգալիորեն կբարդացնի հետագա գործունեությունն այդ երկրում և հարաբերությունները «Թալիբանի» կառավարության հետ:
Առայժմ, որքան հայտնի է, չհայտարարված արգելք են սահմանել միայն արևելյան Նանգարհար նահանգի իշխանությունները:
2021 թվականին իշխանության գալուց ի վեր թալիբները հետևողականորեն ճնշում են կանանց իրավունքները: Նոր միջոցառումները նշանակում են, որ ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատելու արգելքը, որը սահմանվել էր դեկտեմբերին, այժմ տարածվում է նաև ՄԱԿ-ի վրա: Բացառություն են կազմում միայն առողջապահության ոլորտի աշխատողները, բայց նրանք կարող են աշխատել միայն բուժհաստատություններում, այլ ոչ թե գրասենյակներում: