Չորեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Վաշինգտոնից F-16 ինքնաթիռների ձեռքբերման գործընթացը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հնարավորություն ունեցանք բանակցություններ վարել Բլինքենի հետ, որի ընթացքում քննարկեցինք ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, անդրադարձանք նաև F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, բացատրեցինք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Շվեդիան, որպեսզի Թուրքիան հաստատի ՆԱՏՕ-ին անդամակցության Ստոկհոլմի հայցը»,- ընդգծել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Anadolu գործակալությունը հայտնել է, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հերքել է այն պնդումները, թե սկանդինավյան երկիրը կատարել է բոլոր պարտավորությունները, և այժմ հերթը հասել է Անկարային։ «Թուրքական կողմի չափանիշներն ու պահանջները հայտնի են։ Մենք դեռ չենք հասել ցանկալի մակարդակին։ Գործընթացն առաջ կշարժվի Ստոկհոլմի յուրաքանչյուր նոր քայլով»,- ասել է Քալընը: