Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ երկրի ազգային անվտանգության սպառնալիքները կասեցնելու համար, որոնք ծագում են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ՝ նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան երկու անգամ ավելացման արդյունքում իրավիճակի կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել հյուսիսեվրոպական տարածաշրջանում, որն ավելի վաղ աշխարհում ամենակայուններից մեկն էր: Հյուսիսատլանտյան դաշինքը հերթական քայլն է արել Ռուսաստանի տարածքին մոտենալու ուղղությամբ»,- նշել են ՌԴ արտգործնախարարությունից։
Գերատեսչությունից կարծիք են հայտնել, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան հրաժարվեց իր ինքնորոշումից և ինքնուրույնությունից: Նշվում է, որ Հելսինկիի այդ քայլը եղել է հապճեպ՝ առանց հասարակական կարծիքը պատշաճ հաշվի առնելու, հանրաքվե կազմակերպելու և ՆԱՏՕ-ին անդամակցության հետևանքները մանրակրկիտ վերլուծելու:
ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը բացասաբար կանդրադառնա նաև ռուս-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների վրա։