Շուրջ 11 կմ երկարությամբ, նորակառույց Տեղ-Կոռնիձոր ճանապարհն է, ավելի հայտնի որպես Հայաստանը Արցախին կապող նոր երթուղի: Ճանապարհի կառուցման աշխատանքները մեկնարկել էին նախորդ ամռանը՝ այս ապրիլին ավարտելու պայմանով: Պատասխանատուների խոսքով՝ ճանապարհն արդեն երթևեկելի է:
Մեր նկարահանող խումբը նորակառույց ճանապարհով առաջին երթևեկողներից է՝ մինչև Կոռնիձորի կամուրջ: Այս ճանապարհը միանում է Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքով Բաքվի կառուցած ճանապարհին ու հասնում Շուշիի մոտակայք, որը դեկտեմբերի 12-ից փակ է ադրբեջանական՝ այսպես կոչված «էկոակտիվիստների» պատճառով:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի մարզպետ) - Նոր ճանապարհ կա միջանցքով, և այն, կարելի է ասել, որ Ստեփանակերտից մինչև Երևան ասֆալտապատ է, տեղափոխվել է ճանապարհը, դուրս է եկել բնակավայրերից:
Ըստ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախնական պայմանավորվածության՝ ճանապարհը պետք է գործեր ապրիլի 1-ից, սակայն Բաքուն, խախտելով հերթական հանձնառությունը, տուն չի կանչում Արցախն ու Հայաստանը կապող ճանապարհը խցանած իր քաղաքացիներին:
2020-ի 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ, դրան հետևող երեք տարիների ընթացքում պետք է սահմանվեր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը: 2022-ի օգոստոսին, սակայն, Ադրբեջանը, խախտելով եռակողմ հայտարարության 6-րդ կետը, ժամանակից շուտ պահանջեց ազատել Լաչինի միջանցքի հին երթուղին: Դա է պատճառը, որ ժամանակավոր ճանապարհ կառուցվեց: Հենց այդ երթուղին է քարտեզի վրա ցույց տալիս Գոռ Ավետիսյանը:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Նախկին ճանապարհը մոտավորապես այս հատվածով է գալիս կպնում մեր նոր կամրջին: Այս երկու կետում մենք հատվում էինք սահմանի հետ, մարտի 30-ին այս հատվածի երթևեկությունը դադարեցվեց հարևան պետության կողմից:
Հիմնական ճանապարհի կառուցման աշխատանքները, ճիշտ է, դեռ ավարտված չեն, կահավորման ու այլ գործեր կան, սակայն դրանք հնարավոր են իրականացնել երթևեկությանը զուգահեռ:
Ռոբերտ Ղուկասյան - Կոռնիձորի կամրջից մինչև Տեղ գյուղը, այսինքն՝ մայրուղին, ամբողջությամբ ասֆալտապատ է, մոտ 90 տոկոս հատվածը՝ երկշերտ, 10 տոկոսը՝ մեկ շերտով:
9 մլրդ 30 մլն դրամ պայմանագրային արժեքով ճանապարհի կառուցումը երեք շինարարական ընկերություն է իրականացնում:
Գոռ Ավետիսյան - Իհարկե շինարարական աշխատանքները դեռ կշարունակվեն մեկ-երկու ամիս, պայմանագրով նախատեսված է, որ ապրիլի 30-ին ամբողջ ծավալով շինարարական աշխատանքները ավարտվեն: Եթե եղանակային պայմանները թույլ չտան, իրավունք ունենք 1 ամիս երկարացնել: Բայց ամեն ինչ տանում է նրան, որ ապրիլի 30-ին պրծնեն:
Նորակառույց ճանապարհին մոտ 1 մլն 200 հազար խմ հողային հանույթ և շուրջ 450 հազար խմ լիցք է արվել: Ստացվել է նախագծով նախատեսված 11.8 կմ-ից 400 մետրով ավելի կարճ ճանապարհ:
Գոռ Ավետիսյան - Փոքր թեքություններով ճանապարհ ա ստացվել, հիմնական ոլորանները սկսվում են 6.8 կմ՝ վերջին 4 կմ-ի վրա, բայց այնտեղ մեծ ծավալի աշխատանք ենք արել, և ունենք 4 անվտանգության գրպանիկ, որը մեր ճանապարհներում չկա, եթե վարորդը ինչ-որ խնդիր ա ունենում, ցանկացած պահի կարող է օգտվել գրպանիկից:
Տեղ-Կոռնիձորը տեխնիկական երրորդ կարգի ճանապարհ է: Պատասխանատուների խոսքով՝ նաև բավականին որակյալ:
Գոռ Ավետիսյան - Իրանք նույնպես երրորդ տեխնիկական կարգի ճանապարհ են սարքել, ավելի մեծ թեքություններով, վարորդները հետո կգնահատեն: Որակն անմիջապես մեր հսկողության տակ է, լաբորատորիան պարբերաբար այցելում է և տեղում որակը հսկում, ակնադիտական և լաբորատոր ստուգումներով որակը բոլոր նորմերում է:
Նոր ճանապարհով Ստեփանակերտ կարելի է հասնել թեկուզ այսօր, եթե միայն այսպես կոչված «էկոակտիվիստները» դադարեցնեն շրջափակումը: