Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Վահե Ղազարյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները:
Այնուհետև անդրադարձ է եղել կիբեռհանցավորության աճի միտումներին: Նշվել է, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումների և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:
Երկուստեք կարևորվել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև:
Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրել է Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար: