Վթարավերականգնողական աշխատանքները մինչև այս պահը շարունակվում են: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը՝ ներկայացնելով երեկվա միջադեպը:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին՝ ժամը 14:23-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի էր ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։ Փլուզման հետևանքով քարերը թափվել էին մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոպոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։
«Երեկ երեկոյան 19:00-ից մետրոն բնականոն հունով աշխատում է: Կաբելների հետ կապված աշխատանքներ կան, որոնք չեն խանգարում մետրոյի բնականոն աշխատանքին»,- ասաց Սեդրակյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ, անդրադառնալով խնդրին, շեշտեց, որ դա տեղի է ունեցել աշխատանքի նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով:
«Սա արտառոց դեպք է և շատ վտանգավոր: Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր բերել զոհերի: Այստեղ մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ: Շատ և շատ մեր շինարարներ կամ տարբեր ոլորտի մասնագետներ իրենց աշխատանքին շատ իմիջիայլոց են վերաբերվում, և դրա հետևանքով մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոններից մեկի՝ ռելսերից դուրս գալուն և զոհերի:
Պատահաբար դիմացից եկող վագոնի վարորդը, տեսնելով, ահազանգել է, և մի գիծը կանգնել է: Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, համապատասխան վարչական շրջանի ղեկավարին ամենախիստ ձևով գտնել ձևը և պատժի ենթարկել կառուցապատողին, ով որ մեղավոր է:
Այս տեսակ վերաբերմունքը աշխատանքին կարող է դրսևորվել ոչ միայն այստեղ, այլև բազմաբնակարան շենք կառուցելիս: Այդ ի միջի այլոց վերաբերմունքը կարող է բերել անվտանգության մեծ խնդիրների: Ուզում եմ, որ չհանդուրժենք նմանատիպ վերաբերմունք: Սա առաջին հերթին մեր համաքաղաքացիների շահերից է բխում»,- ասաց Ավինյանը:
Ավինյանը խնդրեց 2 շաբաթվա ընթացքում զեկուցել, թե ինչ է արվել: