Այսօր կայացել է Հայաստանի և Ռումինիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Բոգդան Աուրեսկուի մամուլի ասուլիսը, որի ժամանակ Ռումինիայի արտաքին քաղաքականության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:
Այն հարցին, թե Բուխարեստն ինչպես է գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը, որն անտեսում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը վերաբացելու վերաբերյալ, արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն նշել է, որ Ռումինիան այն երկրներից մեկնէ, որը հարգում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, և միջազգային օրենքն ընկած է երկրի արտաքին հարաբերությունների կոնցեպցիայի հիմքում:
- Մեր երկրում ոչ թե տեսականորեն, այլ գործնականում է կարևորվում միջազգային արդարադատությունը: Մենք աջակցում ենք Միջազգային դատարանի որոշումների կատարմանը, քանի որ այդ ատյանը կարևոր գործոն է վիճելի հարցերը կարգավորելու համար:
Երկրորդ հարցը վերաբերում էր էներգետիկ համագործակցությանն Ադրբեջանի հետ, որն ագրեսիվ քաղաքականություն է վարում հարևան Հայաստանի նկատմամբ: «Արդյոք էներգիայի գործոնը չի՞ ստվերում հարգանքը մարդու իրավունքների միջազգային պաշտպանության հանդեպ»,- հարցրել են Աուրեսկուին:
Ռումինիայի արտգործնախարարը նշել է. «Էներգետիկ համագործակցությունը շատ կարևոր թեմա է, և մենք դա քննարկել ենք արտգործնախարարի հետ: Ինչպես գիտեք, այժմ շատ է կարևորվում էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման հարցը: Դա հնարավորություն է տալիս ազատվելու էներգետիկ որոշակի կախվածությունից մեզ հետ ոչ համախոհ պետություններից: Այդ նպատակով միասին որոնում ենք, քննարկում ենք էներգիայի այլ ուղիներ, այն դրա կարիքն ունեցող եվրոպական երկրներ առաքելու հնարավորությունները: Մենք Հունգարիայի և Վրաստանի հետ սկսում ենք նոր ծրագիր Ադրբեջանից էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ: Դեկտեմբերին պայմանագիր կնքեցինք և այժմ զբաղվում ենք դրա իրականացման հարցով Եվրահանձնաժողովի աջակցությամբ»,- ասել է արտգործնախարարը:
Երրորդ հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, Ռումինիան մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի տարածքում, ԵՄ դիտորդական առաքելության ստեղծման մասին որոշում ընդունելու գործընթացին:
2021 թվականի հունիսին այցելեցինք Հարավային Կովկասի երեք երկիր, և այցի արդյունքներով պատրաստեցինք առաջարկներ, և դրանցից մեկը հենց ԵՄ դիտորդական առաքելության ստեղծման գաղափարն էր՝ Վրաստանում դիտորդական առաքելության օրինակով: Ուրախ եմ, որ այդ առաջարկը կյանքի է կոչվել:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ստեղծումը Ռումինիայի առաջարկն է եղել: ԵՄ ԱԳ նախարարների վերջին հանդիպմանը պայմանավորվել ենք նաև գարնանը կայանալիք հանդիպմանը քննարկել Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանների երկարատև հակամարտությունները: Ժամանակն է այս հարցը բերել ԵՄ խորհրդի ակտիվ օրակարգ, քանի որ կա հետաքրքրություն և հնարավորություն առավել մեծ ներգրավվածություն և դերակատարում ունենալ տարածաշրջանում: