ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵԼՋՈՒԿ ԲԱՅՐԱՔԹԱՐԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։ Ալիևը նշել է, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների և ընդգծել, որ այս առումով «Բայքար» ընկերության գործունեությունը առաջատար դեր է խաղում: Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համագործակցության հեռանկարների շուրջ։
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրավերը՝ այցելելու Էր Ռիադ, հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը։ Այցի ժամկետի մասին տեղեկատվություն փոխնախագահը չի հայտնել։ Մոխբերը նաև ընդգծել է, որ նախագահ ընտրվելու հենց առաջին օրվանից Ռայիսիի «հիմնական ռազմավարություններից» մեկն է եղել հարևան երկրների հետ լավ հարաբերությունների հաստատումը:
Ավելի վաղ հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները, քննարկել երկկողմ հարաբերությունների վերականգման գործընթացին առնչվող հարցեր։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին երկկողմ հանդիպում ունենալ։
Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը համաձայնության էին եկել դիվանագիտական հհարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում իրենց դեսպանությունների աշխատանքի վերսկսման շուրջ։
ՎՐԱՍՏԱՆԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎԵԼ Է. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ ոչ ոք ի վիճակի չէ դադարեցնելու ռազմական գործողությունները Ուկրաինայում, ինչի հետևանքով երկրի տարածքը «վերածվել է զորավարժարանի»: Նա ընդգծել է, որ «Վրաստանն ուկրաինացնելու», այսինքն՝ այն նմանատիպ զորավարժարանի վերածելու և Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու Վրաստանի թշնամիների ծրագիրը ձախողվել է։ Ղարիբաշվիլին նշել է, որ տնտեսական աճը, գնաճի և աղքատության մակարդակի նվազեցումը, որոնք նկատվում են երկրում, անհնար է առանց խաղաղության պահպանման։
Վրաստանի իշխանությունները պարբերաբար մեղադրում են որոշ արևմտյան և ուկրաինացի քաղաքական գործիչների՝ երկիրը Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության մեջ ներքաշելու փորձերի համար։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ ասել էր, որ «երկրորդ ճակատի» մասին խոսակցությունները համարում է դավադրության տեսություն։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱՐԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին՝ նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպման համար։ Էրդողանն ամոթանք է տվել դեսպանին, խորհուրդ տվել գլխով մտածել և հայտարարել ՝ ԱՄՆ դեսպանի համար Անկարայի դռներն արդեն փակ են:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին: Նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը, ընդդիմադիր ուժերի «Ժողովրդական դաշինքի» կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Սինան Օղանը:
ԱՊՐԻԼԻ 4-ԻՆ ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿԴԱՌՆԱ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ. ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳ
Վաղը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը մանրամասնել է, որ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում առաջին անգամ կբարձրացվի Ֆինլանդիայի դրոշը։
«Դա լավ նորություն է Ֆինլանդիայի, Հյուսիսային Եվրոպայի պետությունների, մեր դաշինքի համար», - հայտարարել է Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի անդամակցությունն «ավելի անվտանգ կդարձնի նաև հարևան Շվեդիան»։ Անցյալ շաբաթ և՛ Բուդապեշտը, և՛ Անկարան հավանություն տվեցին դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության հայտին: Վերջին պետությունը, որ միացել էր ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիան էր՝ 2020 թվականին։