Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամներն ապրիլի 3-ին հանդիպել են Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով գործընկերներին` Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության սերտացումը` ընդգծելով խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ձևավորված գործակցությունն ու հանդիպումները:
Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ թե' կորոնավիրուսային համավարակի, թե' Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը մշտապես զգացել է Լեհաստանի աջակցությունը:
«Կարևոր է, որ դուք հիմա նույնպես մեր կողքին եք»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը` այս համատեքստում արժևորելով Լեհաստանի Սենատի կողմից վերջերս ընդունված բանաձևը, որով դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:
Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին` Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կապակցությամբ` ընդգծելով այդ հարցում Լեհաստանի ջանքերը: Նշվել է, որ դիտորդական առաքելության տեղակայումից հետո իրավիճակը որոշակիորեն կայունացել է:
«Առաքելության տեղակայումից հետո չենք ունեցել ո՛չ լուրջ էսկալացիա, ո՛չ էլ Ադրբեջանի կողմից առարկայական սադրիչ գործողություններ: Համարում ենք, որ այդ առաքելությունն է զսպող ազդեցություն ունենում մեր հարևանի սադրիչ գործողությունների վրա»,- ասել է խմբի ղեկավարը:
Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելի խոսքով՝ Լեհաստանը վաղուց հետևում է Հայաստանում, մասնավորապես, սահմանին տիրող իրավիճակին և մտահոգված է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ:
«Կարծում ենք, որ միջանցքը հնարավորինս արագ պետք է վերաբացվի, և Հայաստանի ու իր հարևանի միջև հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ասել է նա: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` լեհ խորհրդարանականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը նույնպես Լեհաստանի ուշադրության կենտրոնում է: «Լեհաստանը փորձում է հնարավորինս աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նկատում ենք այն բարեփոխումները, որոնք արդեն իրականացվել են»,- ասել է պատգամավորը:
Պատվիրակության ղեկավարը հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններով:
Այս համատեքստում Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է կնքել խաղաղության պայմանագիր` առանց խաղաղության:
«Մենք չենք տեսնում խաղաղության ձգտման որևէ նշան Ադրբեջանի կողմից գետնի վրա և բանակցություններում»,- ասել է նա և հավելել, որ Ադրբեջանը մեծացնում է իր սպառազինությունը, սկսել է շրջանառել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, որը, նրանց պատկերացմամբ, այսօրվա Հայաստանն է: Նրանք պաշտոնական ռազմավարություն են մշակել, թե ինչպես պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան»:
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Սեյրան Օհանյանը նույնպես կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, երախտագիտություն հայտնել Լեհաստանին` Հայաստանի և Արցախի համար այս դժվարին ժամանակներում աջակցության համար: Սեյրան Օհանյանը կարևորել է միջազգային հանրության հասցեական և ճիշտ գնահատականների առկայությունը` ընդգծելով, որ Ադրբեջանի հռետորաբանությունը և սադրանքները չեն խոսում այն մասին, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղությանը: Սեյրան Օհանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, ՌԴ-ի հետ ռազմավարական համագործակցությանը:
«Մեր տարածաշրջանում ռեալ, գետնի վրա, ռազմավարական առումով, անվտանգության պահպանման, նաև հետագա հակամարտությունների կանխարգելման առումով մենք տեսնում ենք այդ ռազմավարական համագործակցությունը»,- ընդգծել է նա:
Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանն անդրադարձել է խնդրին` նշելով, որ իր համար բարդ իրավիճակում Հայաստանը մնացել է առանց ռազմավարական գործընկերոջ և անվտանգության երաշխավորի աջակցության:
«44-օրյա պատերազմից հետո ոչ մեկ անգամ, փաստացի, ամենաքիչը երեք անգամ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում է գործել և ունեցել տարածքային առաջխաղացում: Բոլոր այս դեպքերում ՀԱՊԿ-ը չի տվել անգամ քաղաքական գնահատական, որ եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում»,- ասել է նա: Պատգամավորի խոսքով այս բոլոր դեպքերում ՌԴ-ի կողմից հնչել է բացառապես հայտարարություն, որ ընթանում են բանակցություններ Ադրբեջանի հետ: Արդյունքում Ադրբեջանը շարունակել է մնալ առաջխաղացված դիրքում:
Հանդիպմանը հայ և լեհ գործընկերներն ընդգծել են երկու երկրների միջև առկա համագործակցության լայն շրջանակը` այդ հարցում կարևորելով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: