Բաքվում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ՝ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներում Իրանին վիրավորող հրապարակումների կապակցությամբ: Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հավելել է, որ նման քայլերը կարող են բացասաբար ազդել երկու երկրի հարաբերությունների վրա:
ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին էլ Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Իսրայելի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությանը և Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի մեղադրանքներին: «Բաքվին խնդրեցինք պարզաբանել սիոնիստական ռեժիմի արտգործնախարարի հայտարարությունը՝ կապված Իրանի դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու. Իսրայելի ու Ադրբեջանի միջև կնքված համաձայնության մասին, սակայն այդ երկրի ԱԳՆ խոսնակը ոչ միայն խուսափեց պատասխանել հարցին, այլ մեղադրանքներ հնչեցրեց Իրանի դեմ»,- գրել է Քանանին՝ հավելելով՝ «Արդյոք Բաքվի լռությունը չի՞ վկայում Իրանի ԱԳ նախարարի հայտարարությանը համաձայն լինելու մասին»:
Քանանին մեկ այլ Թվիթում էլ գրել է, թե Իսրայելն այլ նպատակ չունի, քան տարաձայնություններ և պառակտում սերմանել մուսուլման ժողովուրդների միջև, որպեսզի իսլամական երկրներին մոտենալով՝ իրագործի իր էքսպանսիոնիստական նպատակները:
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԼԻՆՔԵՆ-ԼԱՎՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ամերիկյանի կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել: ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել ձերբակալված ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին, ինչպես նաև նախկինում լրտեսության համար դատապարտված Փոլ Ուիլանին:
Սերգեյ Լավրովը նշել է, որ Գերշկովիչի ճակատագիրը կորոշի դատարանը։ Սերգեյ Լավրովը Բլինքենի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է հարգել Ռուսաստանի իշխանությունների որոշումները, որոնք ընդունվում են Ռուսաստանի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։
Լավրովն անընդունելի է համարել Վաշինգտոնի պաշտոնական դեմքերի և արևմտյան լրատվամիջոցների ստեղծած աժիոտաժը՝ հարցին քաղաքական երանգ տալու ակնհայտ միտումով։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱՐԱՅԻ ԴՌՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ. ԷՐԴՈՂԱՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին՝ նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հանդիպման համար։ Էրդողանն ամոթանք է տվել դեսպանին, խորհուրդ տվել գլխով մտածել և հայտարարել՝ ԱՄՆ դեսպանի համար Անկարայի դռներն արդեն փակ են:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին: Նախագահի պաշտոնի համար կպայքարի 4 թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը, ընդդիմադիր ուժերի «Ժողովրդական դաշինքի» կողմից առաջադրված Քեմալ Քըլըչդարօղլուն, «Երկիր» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն և «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Սինան Օղանը:
ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԼԵՀԱՍՏԱՆ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ապրիլի 5-ին այցով կմեկնի Լեհաստան՝ հայտարարել է Լեհաստանի նախագահի ներկայացուցիչը: Այցը կլինի պաշտոնական՝ Լեհաստանի նախագահի հրավերով։
Մարչին Պշիդաչի խոսքով՝ չնայած անվտանգության մտահոգություններին, Կիևն ու Վարշավան պայմանավորվել են նախապես հայտարարել առաջիկա այցի մասին: Զելենսկին Անջեյ Դուդայի հետ հանդիպումից բացի, նախատեսում է այլ հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ ուկրաինացիների հետ, որոնք բնակվում են Լեհաստանում։ Լեհաստանի նախագահի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել մի քանի ՄիԳ-29 կործանիչ։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ
Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով «Ազգային կոալիցիա» կուսակցությունը առաջ է անցել գործող վարչապետ Սաննա Մարինի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից: Պետերի Օրպոյի կուսակցությունը ստացել է ձայների 20,8 %-ը՝ առաջ անցնելով Ռիիկա Պուրայի գլխավորած «Իրական ֆիններ» աջ կուսակցությունից, որը ստացել է ձայների 20,1 %-ը: Սաննա Մարինի կուսակցությունը ստացել է ձայների 19,9 %-ը:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ընդունել է ընտրություններում իր պարտությունը:
ՉԵՌՆՈԳՈՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՐՏՎԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Չեռնոգորիայի գործող նախագահը պարտություն է կրել ընտրություններում: Երկրի երկարամյա ղեկավարը, որը տարբեր պաշտոններում ղեկավարել է հանրապետությունը 1991 թվականից, իր քաղաքական կարիերայի ընթացքում առաջին անգամ ընտրություններում պարտություն է կրել։
Հաղթանակ է տարել տնտեսագետ, Չեռնոգորիայի էկոնոմիկայի նախկին նախարար Յակով Միլատովիչը։ «Մենք այսօրվա գիշերվան սպասել ենք ավելի քան 30 տարի»,- ասել է Միլատովիչը՝ ողջունելով աջ կենտրոնամետ «Եվրոպան հիմա» շարժման իր կողմնակիցներին։ «Հաջորդ հինգ տարիներին մենք Չեռնոգորիան կտանենք դեպի Եվրամիություն»,- ասել է նա։