Ձեր այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-խորվաթական փոխգործակցության խորացմանը և միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 3-ին Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի հետ հանդիպման ժամանակ:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ 2024 թվականին լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ այս տարիների ընթացքում հայ-խորվաթական հարաբերությունները հետևողականորեն զարգացել են, և հույս հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ դրանք ավելի կամրապնդվեն և կխորանան:
Խորհրդարանականն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը` նշելով. «Այդ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները մոտ չորս ամիս է` զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից: ԼՂ-ն կանգնած է պարենային և հումանիտար աղետի վերահաս վտանգի առջև: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ միայն ակներև է դարձնում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը հասցեագրելու և այդ նպատակով Ստեփանակերտի հետ երկխոսելու մտադրության բացակայությունը, այլև հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի` Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին»:
Սարգիս Խանդանյանը հյուրերին տեղեկացրել է, որ Ադրբեջանի այս գործողությունը դատապարտվել է Եվրոպական խորհրդարանի, բազմաթիվ ազգային խորհրդարանների, ԵՄ, ԱՄՆ և միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների կողմից, սակայն Ադրբեջանը հաշվի չի առնում մեր գործընկերների հորդորները:
Նրա խոսքով՝ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին և ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:
Սարգիս Խանդանյանը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունն ապահովելու տեսանկյունից կարևորել է Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը:
Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրը կարևորել է հայ-խորվաթական հարաբերությունները և նշել. «Խորվաթիան ԵՄ-ում երիտասարդ անդամ է և, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, մենք կարևորում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատումը»:
Պատվիրակության անդամ Դոմագոյ Հայդուկովիչի խոսքով՝ իրենք կարևորում են հայ ռազմագերիների և գերեվարված այլ անձանց շուտափույթ վերադարձը, ինչպես նաև մտահոգված են Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման խնդրով:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն ու փոխայցելությունները շարունակական բնույթ կկրեն: