ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Ռումինիայում է։ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Նախարարներն այնուհետև ստորագրել են 2023-24 թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը: Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի մարում՝ նվիրված ռումինահայ հայտնի բժիշկ Անա Ասլանին:
Հայաստանի և Ռումինիայի գլխավոր դիվանագետների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել երկու երկրի տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի ամբողջական ներուժն իրացնելու ուղղությամբ:
Նախարարների հանդիպման օրակարգում էր նաև Հայաստան-ԵՄ գործընկերության թեման: Բոգդան Աուրեսկուն վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունն աջակցելու Հայաստան-Եվրամիություն երկխոսությանն ու հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում Հայաստանի հետ գործակցությանը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ ԵՄ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ
Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է նաև Բաքվի կողմից 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից հետո ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - 2022 թ. սեպտեմբերին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդների գործուղումը Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանի հայկական կողմ և հետագայում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը հանդիսանում է ԵՄ կարևոր ներգրավվածություն մեր տարածաշրջանում: Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր ներդրումը ԵՄ համապատասխան քննարկումներում:
Բոգդան Աուրեսկու (Ռումինիայի ԱԳ նախարար) - Ռումինիան մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի տարածքում, առաքելություն տեղակայելու մասին որոշման ընդունման գործընթացին: 2021 թվականի հունիսին Հարավային Կովկաս այցից հետո Ավստրիայից և Լիտվայից իմ գործընկերների հետ ներկայացրինք մեր եզրահանգումներն ու առաջարկները, այդ թվում՝ ԵՄ մշտադիտարկման առաքելության ստեղծման գաղափարը՝ Վրաստանում մշտադիտարկման առաքելության օրինակով: Մեր առաջարկը հնարավոր եղավ կյանքի կոչել: Ես ուրախ եմ, որ Ռումինիան իր փորձագետներով ներգրավված է առաքելության կազմում:
Աուրեսկուի խոսքով՝ ԵՄ ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել գարնանը սպասվող հանդիպման ընթացքում քննարկել Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանների երկարատև հակամարտությունները: Ռումինիայի արտգործնախարարն ընդգծել է, որ ժամանակն է հարցը բերել ԵՄ խորհրդի ակտիվ օրակարգ, քանի որ կան հետաքրքրություն և հնարավորություն առավել մեծ ներգրավվածություն և դերակատարում ունենալ տարածաշրջանում:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Շարունակելով տարածաշրջանային անվտանգության և կայունության թեման՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներին, գործընկերոջը ներկայացրել այն գոյաբանական մարտահրավերները, որոնք սպառնում են և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Արտգործնախարարը նկատել է, որ միջազգային հանրության կոչերին Ադրբեջանը պատասխանում է 2022 թ. դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով ու էթնիկ զտումների համակարգված քաղաքականությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
Միջազգային կառույցների թիրախային կոչերի և պահանջների շարքում հարկ է ընդգծել Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը: Դատարանը փաստել է, որ առկա է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ, և Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միակ բացահայտ խախտումը չէ։
Միրզոյանն ընդգծում է, որ չկա հայտարարության գրեթե մի դրույթ, որը խախտված չլինի Ադրբեջանի կողմից:
Արարատ Միրզոյան - Հայ ռազմագերիներին շարունակաբար պատանդառության մեջ պահելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքով արտատարածքային միջանցքի պահանջների հետ մեկտեղ, Ադրբեջանը չի ապահովում ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո։ Մենք կարծում ենք, որ մեր գործընկերները, միջազգային հանրությունը կարևոր դերակատարում ունեն, որը հնարավոր է իրականացնել՝ օգտագործելով համապատասխան գործիքներն ու մեխանիզմները, այդ թվում՝ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելով Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։
Արարատ Միրզոյանը հիշեցնում է, որ Երևանը բազմիցս հայտարարել է Ադրբեջանի հետ կառուցողական երկխոսություն վարելու իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման։ «Հայաստանն ունի ամուր քաղաքական կամք տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և չնայած բոլոր դժվարություններին մենք բարեխղճորեն շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ»,- շեշտել է Հայաստանի գլխավոր դիվանագետը:
ՌՈՒՄԻՆԻԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ. ԱՈՒՐԵՍԿՈՒ
Համատեղ հայտարարություններից հետո Ռումինիայի արտգործնախարարը պատասխանել է լրատվամիջոցների հարցերին: Բոգդան Աուրեսկուին խնդրել եմ մեկնաբանել, թե ինչպես է Ռումինիան վերաբերվում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշմանը, որը Բաքուն մինչև օրս անտեսում է:
Բոգդան Աուրեսկու - Ռումինիան այն երկրներից է, որն աջակցում է Արդարադատության միջազգային դատարանին և միջազգային արդարադատությանը: Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքն իր արտահայտությունն է գտել նաև Ռումինիայի արտաքին քաղաքականության կոնցեպտում: Մենք աջակցում ենք այդ դատարանի ներգրավմանը վիճելի հարցերի կարգավորման գործում:
Ռումինիայի ԱԳ նախարարը անդրադարձել է նաև էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ կնքած ռազմավարական գործընկերության համաձայնագրին:
Բոգդան Աուրեսկու - Ինչպես գիտեք, մենք արդեն սկսել ենք վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի մատակարարման ծրագիր Ադրբեջանի, Վրաստանի և Հունգարիայի հետ միասին: Մենք համաձայնագիրը ստորագրել ենք դեկտեմբերին Բուխարեստում և այժմ քննարկում ենք դրա կյանքի կոչման ուղիները Եվրահանձնաժողովի հետ:
Այսօր քննարկել ենք էներգետիկ համագործակցության հարցը: Ինչպես գիտեք, վերականգնվող էներգառեսուրսների օգտագործման հարցը բավական արդիական է հիմա, հատկապես երբ մենք ցանկանում ենք ազատվել ոչ համախոհ երկրներից մեր ունեցած էներգետիկ կախվածությունից: Ուստի վերականգնվող էներգառեսուրսների կիրառման հնարավորությունների համատեղ բացահայտումը և դրանք Եվրոպա արտահանելն այնպիսի հարց է, որը պետք է շարունակենք քննարկել՝ փորձելով գտնել հնարավորություններ: Կան եվրոպական հիմնադրամներ, որոնք պատրաստ են աջակցել նման ծրագրերի:
Հանդիպման վերջում Հայաստանի արտգործնախարարն իր ռումինացի գործընկերոջը հրավիրել է առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Երևան: