Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն ասել է, որ պատասխան նոտա են հղել Իրանին: Բաքվի այս քայլը հաջորդել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Թեհրանի հղած նոտային, որով պահանջվում էր միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակաիրանական հրապարակումներն ու հոդվածները կանխելու համար:
«Ադրբեջանն արտաքին գործերի նախարարություն է կանչել Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիին և հայտարարել, որ «ադրբեջանական ԶԼՄ-ների վերաբերյալ իրանական կողմի նոտայում տեղ գտած պնդումներն օբյեկտիվ չեն: Իրանական կողմին ներկայացվել է պատասխան նոտա, ինչպես նաև իրանական ԶԼՄ-ներում հրապարակված մի շարք հակաադրբեջանական հոդվածների ցանկ»,- ասել է նա։
Հաջիզադեի խոսքով՝ երկու երկրի հարաբերությունների ընթացքում առաջացող թյուրըմբռնումները մշտապես պայմանավորված են իրանական կողմի միակողմանի վարքագծով և քայլերով, իսկ ադրբեջանական կողմի հետևողական և բարյացակամ քայլերը պատշաճ պատասխան չեն ստացել: Դեսպանի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ իրանական ԶԼՄ-ներում Ադրբեջանի դեմ կեղծ ու կողմնակալ տեղեկատվության տարածումը կանխելու նպատակով»,- եզրափակել է ադրբեջանցի պաշտոնյան։