Ադրբեջանում Եվրամիության պատվիրակության դիմումի հիման վրա ավարտվել է գլխավոր դատախազին առընթեր կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ԵՄ պատվիրակության հաշվապահի անօրինական գործողությունների առնչությամբ հարուցված քրեական գործի քննությունը։
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հետաքննությամբ պարզվել է, որ Զարիֆա Աբասովան, 2017-2022 թվականներին զբաղեցնելով հաշվապահի պաշտոնը, կանխիկացրել է ներկայացուցչության բանկային հաշվին եղած գումարը, ինչպես նաև գումար է փոխանցել իր աշխատավարձի քարտին՝ տարբեր ժամանակներում կեղծ վճարումների միջոցով: Այսպիսով Աբասովան յուրացրել է կազմակերպությանը պատկանող ավելի քան 980000 մանաթը, որը կազմում է մոտ 580000 ԱՄՆ դոլար։
Հաշվապահին մեղադրանք է առաջադրվել հատկապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որը հանգեցրել է ծանր հետևանքների, և կեղծում հոդվածներով: